Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության նախարարը` պետպատվերի սպառման մասին

Կառավարությունում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Առողջապահության նախարար ԱՆահիտ Ավանեսյանն անդրադառնալով պետպատվերի գումարների սպառվելուն, ասաց, որ տարվա կեսին բուժհաստատություններին ուղարկվել է գրություն, որ բժշկական կազմակերպությունները մնան իրենց պայմանագրային գումարների շրջանակներում և դիմելիության հոսքից կախված՝ սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի։

«Մենք նկատում ենք դիմելիության աճ, նկատում ենք հիվանդացության աճ։ Սա պայմանավորված է ինչպե՛ս կովիդով, այնպես էլ՝ հետպատերազմական իրավիճակով, և մենք բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որ այն ուղղությունները, այն ծառայությունները, որոնք հիմնավորված ունեն դիմելիության աճ, ապա պետությունը իր պարտավորությունը քաղաքացիների առջև կատարի», - նշեց Ավանեսյանը։

Այս Կառավարությունը, ըստ Ավանեսյանի, առողջապահական բյուջեի շատ մեծ աճ է ապահովել, և կարևորելով առողջապահությունը որպես սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություն, 2 տարվա մեջ ապահովել է բյուջետային միջոցների 30 տոկոս աճ։ «Որևէ կոպեկ՝ այդ ավելացված բյուջեից չի պակասել։ Մենք պետք է շարունակաբար ավելացնենք առողջապահության ծախսային հատվածը և ի վերջո գանք համապարփակ առողջապահական ապահովագրությանը», - ասաց նախարարը։