Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարդարապատ համայնքում ավարտվել է ջրամատակարարման բարելավման ծրագիրը

Սարդարապատ համայնքում ավարտվել է ջրամատակարարման բարելավման ծրագիրը
Հասարակություն
17:43, 16 сентябрь 2021
Սարդարապատ համայնքում ավարտվել է ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը, որն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի և համայնքի համատեղ ջանքերով. Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
 
Ծրագրի իրականացման արդյունքում նորացվել է ջրամատակարարման ամբողջ ենթակառուցվածքը՝ հին քայքայված խողովակները փոխարինվել են ավելի դիմացկուն պոլիէթիլենային խողովակներով, կառուցվել են նոր պոմպակայանը և քլորացման կայանը, բարելավվել է պոմպի արդյունավետությունը։ Ջրագիծը հասցվել է գյուղի բոլոր տնային տնտեսություններին:

Ընթացքում են ջրաչափերի տեղադրման և սպառողների հետ պայմանագրերի կնքման աշխատանքները։
 
Այսուհետ համայնքը կունենա շուրջօրյա անվտանգ ջրամատակարարում: Իսկ ցանցի բարելավման և ջրաչափական համակարգի ներդրման շնորհիվ կբացառվեն ցանցի կորուստները և ջրի վատնումը բնակիչների կողմից։ Արդյունքում համայնքը կկարողանա խնայել տարեկան մոտ 1,5 մլն խորանարդ մետր ջուր և 480 մեգավատտ ժամ էլեկտրաէներգիա, տնտեսված միջոցներն էլ կուղղվեն համայնքի այլ խնդիրների լուծմանը։
 
Նշեմ, որ ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ խմելու ջրի այս ծրագիրն իրականացվել է նաև Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում՝ գրանցելով գերազանց արդյունք»,- գրել է մարզպետը գրառման վերջում: