Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաբանը մանրամասներ հայտնեց պետական դավաճանության գործի մասին․ Aravot.am

Փաստաբանը մանրամասներ հայտնեց պետական դավաճանության գործի մասին․ Aravot.am
Հասարակություն
17:02, 28 сентябрь 2021
Պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվող Մայիս Սահակյանի և նրա կնոջ` Ստելլա Սարգսյանի գործով դատական նիստը (դատավոր` Գագիկ Պողոսյան) հետաձգվեց։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Աբգար Պողոսյանը (լուսանկարում), որը դատարանում ներկայացնում է Ստելլա Սարգսյանի շահերը, նիստը հետաձգվել է մեղադրյալի հանրային պաշտպանի չներկայանալու պատճառով, քանի որ վերջինս ինքնամեկուսացած է:

«Այս փուլում գործի փաստական հանգամանքների մասին զերծ կմնամ որեւէ մեկնաբանություն անելուց: Կավելացնեմ, որ հաջորդ նիստին միջնորդելու եմ դռնփակ դատական նիստ անցկացնելու համար, հետագայում բոլոր դատական նիստերը դռնփակության կարգով անցկացնելու համար»,-ասաց փաստաբանը:

Նա հավելեց, որ Մայիս Սահակյանի կնոջը` Ստելլա Սարգսյանին մեղսագրվում է օժանդակելը, սակայն նա ոչ մի բանից տեղյակ չի եղել. «Այդ մասով կասկած չունենք, որ դատավարության որեւէ փուլում քրեական հետապնդումը դադարեցվելու է: Այդ մասով առհասարակ կասկած չկա, սա հայտարարություն չէ, այլ գործի նյութերն ուսումնասիրելուց ենք տվյալ եզրակացության եկել: Հաշվի առնելով գործի հնչեղությունը, կարեւորությունը, նաեւ այն, որ ապացույցները կարող են առնչվել պետական գաղտնիքի հետ, փաստական հանգամանքների շուրջ որեւէ հայտարարություն չեմ անի: Ամեն դեպքում, վստահորդիս դիրքորոշումն է այդպիսին»:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Մայիս Սահակյանը կնոջ օժանդակությամբ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: 

Ինչ վերաբերում է Ստելլա Սարգսյանին, նրան էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ամուսնու կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները: