Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարուխանում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հուշաղբյուրը

Սարուխանում բացվեց  եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հուշաղբյուրը
Հասարակություն
15:37, 29 сентябрь 2021
Գեղարքունիքի մարզի Սարուխան  գյուղում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի հուշաղբյուրը՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց  թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ թեմի հոգեւոր դասի:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշաղբյուրի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը, համայնքի  դպրոցների մանկավարժներ եւ աշակերտներ, Արցախյան վերջին պատերազմում Սարուխանից զոհված  զինծառայողներ Հակոբ Հարությունյանի, Վիգեն Եղիազարյանի եւ Ռաֆիկ Խեքոյանի ծնողները եւ հարազատները:

Արարողության մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը: Ապա օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: «Արարողության այս պահին մենք մտովի հիշեցինք այն դառն ու մահաշունչ օրերը, երբ թշնամին մեծ ուժերով լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, եւ մեր ազգը, մի բռունցք դարձած, ելավ կենաց-մահու պայքարի: Թշնամու դեմ մաքառող քաջերի շարքերում էին նաեւՍարուխանի զինվորները, որոնցից երեքն անմահացան հայրենիքի ազատության համար: Ես ցանկանում եմ, որ մեր ազգը հիմա էլ նույն կերպ լինի միաբան, ինչպես որ մեկ տարի առաջ էր միասնական ու միահամուռ կռվում իր հայրենիքի փրկության համար, քանզի թշնամին մեզ երբեք չպիտի տեսնի խեղճացած ու գլխիկոր: Այս հուշաղբյուրը պիտի դառնա բոլորիս սրբավայրը, իսկ նման կարգի արարողությունները մեզ մի շարք պատգամներ են հղում: Առաջին՝ մենք ամեն առավոտ պետք է աղոթքներ հնչեցնենք առ Աստված մեր զոհերի հոգիների պայծառության ու հանգստյան համար: Երկրորդ՝ պիտի գիտակցենք, թե որքան թանկ է մեր հերոսների արյունով գծված սահմանը: Երրորդ՝ պետք է միշտ մեր ուշադրության ու հոգածության ներքո պահենք զոհվածների ծնողներին ու հարազատներին, նրանք իրենց ոչ մի դեպքում չպետք է մենակ զգան»,- ներկաներին դիմեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Ապա ելույթ ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Կրկին անգամ  գլուխ եմ խոնարհում զոհված զինծառայողների ծնողների առաջ եւ ուզում եմ խնդրել, որ միշտ բարձր պահեն իրենց գլուխները, հպարտանան իրենց հերոս զավակներով: Նրանց սխրանքն անմահ է, գործը հարատեւ: Իսկ մենք պարտավորվում ենք մեր հերոսների սուրբ հիշատակի առաջ՝  կառուցել այն ազատ ու հզոր հայրենիքը, որի մասին երազում էին մեր հերոսները եւ այդ երազանքի իրականացման ճանապարհին էլ զոհեցին ամենաթանկը՝ իրենց կյանքերը: Փառք ու պատիվ նրանց»,- ասաց Կարեն Սարգսյանը:

Սարուխանի միջնակարգ ու արվեստի դպրոցների շնորհալի աշակերտների ուժերով կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում խոնարհումի սրտառուչ խոսքեր հնչեցին Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսներ Հակոբ Հարությունյանի, Ռաֆիկ Խեքոյանի եւ Վիգեն Եղիազարյանի ապրած կյանքի, մարտական կենսագրությունների  մասին: Ներկաները ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին նորաբաց հուշաղբյուրին:

Հուշաղբյուրը կառուցվել է Սարուխան գյուղի բնակիչ, բարերար Կարո Տեր-Հովհաննիսյանի միջոցներով:

Իր ելույթում խոնարհումի խոսքեր հնչեցնելով հերոսների հիշատակին՝ Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը համայնքի անունից շնորհակալություն հայտնեց բարերարին եւ հայտարարեց, որ Արցախյան պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ պատերազմից հետո Կարո Տեր-Հովհաննիսյանը նշանակալի նյութական օժանդակություն է ցուցաբերել ինչպես ռազմաճակատին, այնպես էլ՝ Արցախից տեղահանված եւ Հայաստանում ապաստանած բնակչությանը: Ցուցաբերած բարեգործությունների ու հայրենանվեր ձեռնարկների համար բարերարն արժանացել է Գեղարքունիքի մարզպետի եւ Սարուխանի համայնքապետարանի շնորհակալագրերին:

Սարուխանցի հերոսների սխրանքների մասին խոսեցին իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան, նախկին մանկավարժ, զոհված Հակոբ Հարությունյանի պապ, կյանքի մեկ դարը բոլորած Մեխակ Ավետիսյանը: