Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանները բացահայտել են Չարբախում տեղի ունեցած սպանությունը. հայրն ու երկու որդիները ձերբակալվել են

ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են նոյեմբերի 1-ին Չարբախում տեղի ունեցած սպանությունը. 42-ամյա մի տղամարդ և նրա 20 ու 22 տարեկան որդիները ձերբակալվել են. այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնեցին, որ Կարմիր բլուրի փողոցում կրակոցներ են հնչել, տուժած կա։ Ահազանգ ստացվեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ տղամարդու դի էր տեղափոխվել հիվանդանոց։ Շուտով հայտնի դարձավ, որ հիվանդանոցի ճանապարհին մահացածը Չարբախի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Սահակյանն է. նա ստացել էր կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայր մեկնած Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, փորձաքրեագետներն ու քննիչները Կարմիր բլուրի փողոցի թիվ 43 հասցեի բակում հայտնաբերեցին արնանման հետքեր, պարկուճներ և այլն։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՔՈԳ և ԵՔՎ քրեական հետախույզների հետ, պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոցի ճանապարհին մահացած անձի, 42-ամյա մի տղամարդու և նրա 20 ու 22 տարեկան որդիների միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ 20-ամյա երիտասարդը հրազենից կրակոցներ էր արձակել Խաչատուր Սահակյանի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տղամարդն ու որդիները տանը չե եղել, և ըստ օպերատիվ տվյալների, Սյունիքի մարզ են մեկնել։ Գորիսի ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրանք Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել են ու բերման են ենթարկվել Շենգավիթի բաժին, այնուհետև ներկայացվել տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: «Նրանք ձերբակալվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են»,- հայտնում են ոստիկանությունից։