Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլեկտրաէներգիայի սակագնի առաջարկվող 4,7 դրամով ավելացումը սոցիալապես անապահով ընտանիքներին չի վերաբերի. ՀԾԿՀ անդամ. Տեսանյութ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում:

Սակագների վերանայման գործընթացն էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվում է յուրաքանչյուր տարի: Այս տարի ևս սեպտեմբեր ամսին սկսվել է վերանայման գործընթացը: Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով՝ այդ վերանայման նպատակն է գնահատել ամբողջ համակարգում տեղի ունեցող գործոնային փոփոխությունները և հասկանալ, թե փոփոխությունների արդյունքում վերջնական սպառողի համար սակագնի վրա ազդեցություն լինո՞ւմ է, թե՞ ոչ: «Այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ եթե գործող սակագները պահպանեինք նույն մակարդակում, ապա համակարգում կունենայինք շուրջ 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք: Եվ եթե սակագների բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կունենայինք հաջորդ տարի անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հետ կապված: Հետևաբար ստիպված սակագների բարձրացման պետք է գնանք»,- ասաց Ուլիխանյանը:

Առանձին խմբերի համար հանձնաժողովի առաջարկած թվերում փոփոխություններ կլինեն, թե ոչ՝ ցույց կտան քննարկումները: Հարցը կքննարկվի ՀԾԿՀ-ի դեկտեմբերի 29-ի նիստում: Եթե կայացվի համապատասխան որոշումը, ապա փետրվարի 1-ից նոր սակագները կմտնեն ուժի մեջ: 

ՀԾԿՀ-ից տեղեկացնում են, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կկազմի 23.8 մլրդ դրամ: Արդյունքում առաջարկում են սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով: Ընդ որում, առաջարկվում է սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները թողնել անփոփոխ, իսկ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը, առաջարկվում է սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով: Իսկ բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը կազմող՝ ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար առաջարկվում է սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով, մնացած սպառողների համար առաջարկվում է սակագինն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով:

Ըստ այդ առաջարկի՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը, գործող 44.98 դրամի փոխարեն, կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն, 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը, գործող 44.98 դրամի փոխարեն, նախատեսվում է դարձնել 48.48 դրամ, գիշերային սակագինը, գործող 34.98 դրամի փոխարեն, 38.48 դրամ: Իսկ 400 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը, գործող 47.98 դրամի փոխարեն, նախատեսվում է դարձնել 53.48 դրամ, գիշերային սակագինը՝  գործող 37.98 դրամի փոխարեն, 43.48 դրամ:

Բնակիչ բաժանորդների քանակը 811 հազար 316 է:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկումն անցկացվում է սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ: