Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր շուկայի բնակիչը հավանական ինքնահրկիզումից առաջ գտնվում էր հոգեճնշող վիճակում. ԱՀ դատախազություն

Կարմիր շուկայի բնակիչը հավանական ինքնահրկիզումից առաջ գտնվում էր հոգեճնշող վիճակում. ԱՀ դատախազություն
Հասարակություն
21:01, 22 март 2021
Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Վրեժ Պողոսյանը, ում դին հրկիզված վիճակում հայտնաբերվել էր մարտի 21-ին (նրա անհետանալուց մեկ օր հետո), ըստ նախնական տվյալների` հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում գտնվում էր հոգեճնշող վիճակում:

Այս մասին փոխանցեցին ԱՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից՝ ընդգծելով, որ, ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ վերջինս ուշ-ուշ էր դուրս գալիս տնից, ծանր էր տանում 2020թ. սեպտեմբեր ամսից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում եղբոր որդու զոհվելու փաստը և հատկապես դյուրագրգիռ էր դարձել զոհված հարազատի վերաբերյալ հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը դիտելուց հետո:

«Հաշվի առնելով սույն դեպքի կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվող տարբեր մեկնաբանությունները, հավաստիացնում ենք, որ նախաքննության ընթացքում առաջ են քաշվելու և քննության են առնվելու դեպքի հնարավոր բոլոր վարկածները, որոնց արդյունքների մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։ Սակայն նախքան քրեական գործի մինչդատական վարույթի ավարտը խնդրում և հորդորում ենք` չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ անձնական այնպիսի մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքներով ու կարող են հանրության մոտ չհիմնավորված խուճապի և մտահոգության պատճառ հանդիսանալ»,- ասված է Գործակալությանը տված պաշտոնական մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վրեժ Պողոսյանն նախորդ օրը տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Վրեժ Պողոսյանի հրկիզված դին հայտնաբերվել է նույն համայնքի վարչական տարածք հանդիսացող «Համեղ գյունե» կոչվող տեղամասում, որը գյուղի՝ առաջնագծից ամենամեծ հեռավորության վրա գտնվող վայրերից է:

Նկարագրված դեպքի կապակցությամբ 21․03․2021թ․ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն։