Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն թթվածնի խտացուցիչների նոր խմբաքանակ են նվիրաբերել Հայաստանին

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն թթվածնի խտացուցիչների նոր խմբաքանակ են նվիրաբերել Հայաստանին
Հասարակություն
20:13, 07 апрель 2021
Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, որոնք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:

Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար:

COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Այս աջակցությունը տրամադրվում է COVID-19-ի համավարակին ուղղված ԵՄ արձագանքման շրջանակում։ Ծրագրի շրջանակում 2020 թվականին տրամադրվել են 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով հարյուրավոր պացիենտների։ Նաև տրամադրվել են 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոցներ, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 պացիենտի մոնիտոր։ Ազգային լաբորատորիաներին տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։ 

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ սարքավորումների առաքանին ստանալու համար:

«Եվրոպական միությունը Հայաստանի կողքին էր COVID-19 համավարակի բռնկման հենց առաջին օրերից՝ տրամադրելով աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։ Այս դժվարին ժամանակաշրջանում տրամադրել ենք աջակցություն տնտեսական աճի ուղղությամբ, աջակցել հիվանդանոցներին՝ ապահովելով եվրոպացի մասնագետների այցեր, օգնել հեռավար կրթության հասանելիության ապահովման հարցում, և ամենակարևորը՝  համավարակի ընթացքում աջակցել ենք Հայաստանին փրկելու մարդկանց կյանքեր։  Կարծում եմ՝ թթվածնի խտանյութերի տրամադրումը կօգնի մեղմել համավարակի ընթացքում առաջացած սթրեսը և ճնշումները հիվանդանոցներում, բժիշկների և բուժքույրերի շրջանում՝ նպաստելով կյանքեր փրկելու և ՀՀ քաղաքացիների առողջության պահպանմանն ուղղված նրանց գործին: Միասնաբար, հուսանք, շուտով կտեսնենք այս համավարակի վերջնական նահանջը Հայաստանում»,- նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

 «Կրկին այստեղ ենք հերթական բեռն ընդունելու նպատակով: Թթվածնի խտացուցիչները կթեթևացնեն COVID-19-ով պացիենտների վիճակը և կօգնեն բուժման գործընթացում: Շնորհակալ ենք մեր գործընկերներին մշտակա աջակցության համար, հատկապես  կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում»,- ասել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

«COVID-19 համավարակի արձագանքման շրջանակում կարևոր է աջակցել երկրին ոչ միայն հրատապ խնդիրների լուծման հարցում և արագ արձագանքել առողջապահական համակարգի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին, այլև ուժեղացնել COVID-19-ով հիվանդներ սպասարկող բժշկական հաստատությունների կարողությունները և աջակցել բուժանձնակազմին, ովքեր խիզախորեն պայքարում են վիրուսի դեմ»,- նշել է ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը։
Ծրագրի շրջանակում մշակվել և առողջապահության նախարարության կողմից հաստատվել են 7 վարակիչ հիվանդությունների, այդ թվում COVID-19-ի, բուժմանն ու կառավարմանն ուղղված ուղեցույցներ։ Առողջության առաջնային պահպանման օղակի 1600 բժիշկ` թերապևտներ, ընտանեկան բժիշկներ և մանկաբույժներ մասնակցել են վարակիչ հիվանդությունների բուժմանն ու կառավարմանն նվիրված վերապատրաստման դասընթացներ։