Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խարկովի կենտրոնական հատվածում այսօր 8 պայթյուն է հնչել. կա 5 զոհ, 7 վիրավոր, զոհերի մեջ հայեր չկան. Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսության ներկայացուցիչ

Խարկովի կենտրոնական հատվածում այսօր 8 պայթյուն է հնչել. կա 5 զոհ, 7 վիրավոր, զոհերի մեջ հայեր չկան. Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսության ներկայացուցիչ
Հասարակություն
16:02, 30 август 2022
«Այսօր առավոտյան և այս պահին էլ իրադրությունը բավականին լարված  է Խարկովում՝ հատկապես կենտրոնում, արդեն մոտ 8 պայթյուն է հնչել կենտրոնական մասերում, և կան ավերածություններ, վիրավորներ ու զոհեր»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի «Մշակութային կապերի հայկական միություն» (АОКС) ՀԿ փոխնախագահ, Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար Համլետ Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ նախնական տեղեկություններով՝ կա 5 զոհ, 7 վիրավոր, նրանց մեջ հայեր չկան։ Համլետ Հովհաննիսյանը կարծում է, որ այդ թվերը հնարավոր է՝ ավելանան։ 

Վերջինիս խոսքով՝ նախորդ մի քանի օրերին ևս թիրախավորվել էր հենց քաղաքի կենտրոնը, և ի թիվս այլ շինությունների՝ երկու անգամ հարված է հասցվել մարզկենտրոնի շենքին, Խարկովի հրապարակին և մեկ այլ կենտրոնական փողոցի։  

«Նախորդ օրերին զոհեր ու վիրավորներ չեն եղել, բայց այսօր արդեն կան, քանի որ այսօր  մի քանի պայթյունները եղել ցերեկային ժամերին, իսկ նախորդ օրերին գիշերներն են եղել, այդ պատճառով զոհեր և վիրավորներ չեն եղել»,- ասաց Համլետ Հովհաննիսյանը։ 

Նրա կարծիքով՝ այս պայթյունները Խարկովում նաև կապված են Խերսոնի ուղղությամբ  երեկվա հակահարձակման հետ, երբ ուկրաինական ուժերը երեկ բավականին հաջողություններ էին գրանցել այդ ուղղութամբ, և արդեն խոսք էր գնում, որ ուկրաինական զինված ուժերը շփման գիծն արդեն հատել են ու մոտեցել քաղաքին և կկարողանան  հետ վերցնել Խերսոնը։ 

«Ինձ թվում է՝ այս ռմբակոծությունները կապված են հենց դրա հետ, այլ նպատակ ես չեմ տեսնում, քանի որ այնպիսի վայրեր են հրթիռակոծվում, որտեղ նույնիսկ խոսք չի կարող լինել ինչ-որ ռազմական բազաների կամ ինչ-որ զինվորների ներկայության մասին։ Իսկ ռուսական կողմից ոչ մի հիմնավորում և ոչ մի մեկնաբանություն չի հնչել Խարկովի այսօրվա հրթիռակոծության մասին»,- ասաց Համլետ Հովհաննիսյանը։  

Լիլիթ Թադևոսյան