Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիներին չհանձնված միայնակ զինվորի դեպքը Կովսականում է եղել՝ պատերազմի ժամանակ, նա դեռ նույնականացված չէ, սխալ անուն է շրջանառվում

Ադրբեջանցիներին չհանձնված միայնակ զինվորի դեպքը Կովսականում է եղել՝ պատերազմի ժամանակ, նա դեռ նույնականացված չէ, սխալ անուն է շրջանառվում
Հասարակություն
13:46, 08 сентябрь 2022
Երեկվանից համացանցում տեսանյութ է տարածվել, որը մեծ հուզմունք ու լայն արձագանք է առաջացրել հանրության շրջանում։

Տեսանյութում հայ զինվորը, հավանաբար 2020-ի պատերազմի օրերին ընկնելով շրջափակման մեջ, իրեն պայթեցնում է, բայց չի հանձնվում թշնամուն: Համացանցի օգտատերերը նշել են, որ հերոսական սխրանքի դիմած զինվորը չպետք է անհայտ մնա, պետք է ճանաչվի և արժանի գնահատական ստանա։ Որոշները փորձում են պարզել, թե երբ է նկարվել տեսանյութը, և ով է հերոսական կեցվածքով զինծառայողը: Որոշ տեղեկություններով՝ տեսանյութը նկարված է եղել 2020 թվականին, ենթադրաբար Կովսականի շրջանում: 

Civic.am-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ ընթանում են աշխատանքներ վայրի տեղորոշման, ամսաթվի հստակ ճշգրտման և անձի նույնականացման ուղղությամբ։ «Հայտնի է, որ 2020-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցած միջադեպ է, ամենայն հավանականությամբ, Կովսականում։ Կան որոշ նախնական տվյալներ դեպքի որոշ հանգամանքների վերաբերյալ, որոնք, սակայն, հրապարակման ենթակա չեն։ Եթե լինեն ճշգրտված, հաստատված տվյալներ, այդ մասին կհայտարարենք»,- ասաց Թորոսյանը։ Նա հերքեց քիչ առաջ տարածված տեղեկությունը, թե տեսանյութում առկա զինվորը նույնականացվել է և դա Կարեն Վրթանեսյանն է։ 

Հարցին, թե տեղեկությո՞ւն կա, որ այդ զինվորը անհետ կորածների թվում էր, ՊՆ խոսնակ Ա. Թորոսյանը միանշանակ պատասսխան չտվեց՝ ոչ հաստատելով, ոչ հերքելով այդ տեղեկությունը։ Նա ասաց, որ մեծ է հավանականությունը, որ նա անհետ կորածների թվում էր, սակայն դեռ չկան վերջնական հաստատված փաստեր, և դեռևս ընթանում են աշխատանքներ։