Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կովսականում հայ զինվորներին խոշտանգած Ադրբեջանի զինծառայողները նույնականացված են՝ հնարավոր է հաստատել անուն-ազգանունները. Թաթոյան

«Հոկտեմբերի 20-ին 61 հայ զինծառայողներ երբ Կապանից մեկնել են Կովսական, այդ օրը Կովսականի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն, և մի մասը սպանվել է, մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել, իսկ մի մասն էլ՝ բռնի անհետացել։ Մենք նույնականացում ենք արել, և փաստերը վկայում են, որ այդ զինծառայողների հետ տեղի են ունեցել դաժանություններ՝ ոչ միայն կենդանի անձանց նկատմամբ, այլև մարմինների մասերի նկատմամբ»,- այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԼՂ 2020թ. պատերազմի ՀՀ ՄԻՊ հատուկ զեկույցին։ 

Թաթոյանը ցույց տվեց լուսանկարներ, որոնցում երևում է, թե ադրբեջանցի սահմանապահ զինծառայողները ինչպես են կտրում սպանված հայ զինծառայողների ականջները: «Հայ զինծառայողներին կապել են թուրքական արտադրության՝ Ադրբեջանի սահմանապահ ԶՈՒ-ին պատկանող ավտոմեքենաներին և քաշել»,- նշեց Թաթոյանը՝ շեշտելով, որ դեպքը տեղի է ունեցել Կովսականում։ 

«Հոկտեմբերի 20-ի դեպքից հետո՝ նոյեմբերի 7-ին, Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողները պարել են Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում, և այդ տեսանյութը տարածվել է ադրբեջանական «Կանալ-13» կոչվող հեռուստատեսությամբ, լրատվական գործակալությամբ։  Մենք նույնականացրել ենք այդ զինծառայողներին, և հնարավոր է անուն-ազգանուններով հաստատել, թե ովքեր են հոկտեմբերի 20-ին խոշտանգել հայ զինծառայողներին»,- ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու հավելեց, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ներկա է նաև Սյունիքի համայնքների ճանապարհներին։