Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հարձակման հետևանքները Սոթքում. թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակիչներից շատերը ապրում են կիսավեր տներում․ լուսանկարներ

Ադրբեջանի հարձակման հետևանքները Սոթքում. թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակիչներից շատերը ապրում են կիսավեր տներում․ լուսանկարներ
Հասարակություն
19:52, 17 сентябрь 2022
Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրից, որը ադրբեջանական ռմբակոծության թիրախ էր դարձել որոշ բնակիչներ ընտանիքներով հեռացել են մոտակա այլ բնակավայրեր։ Տղամարդիկ, սակայն, օրվա ցերեկային ժամերին վերադառնում են Սոթք, իրենց տները, ունեցվածքը հսկելու, անասուններին խնամելու համար։ Կային ընտանքիներ, ովքեր ընդհանրապես չեն հեռացել։ Ռմբակոծությունների ժամանակ պատսպարվել են նկուղներում, ապաստարաններում, հիմա էլ վերադարձել են տներ, որոշները` կիսավեր տներ։ Civic.am-ը տեղում փորձել է ծանոթանալ  Սոթքում տիրող իրավիճակին։ Մեր տեսախցիկը ֆիքսել է, Ադրբեջանի կողմից հրետակոծված բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Թշնամին թիրախավորել է գյուղապետարանի շենքը, տներ, անասնագոմեր և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ, որոշ տներ այնպես են ավերվել, որ ապրելու համար անպիտան են դարձել։ «Ադրբեջանի կողմից թիրախ դարձած ենթակառուցվածքները հեռու են ռազմական օբյեկտներից, սա ապացույցն է նրա, որ Ադրբեջանը հատուկ է թիրախավորել քաղաքացիական օբյեկտները, բնակավայրերում խուճապ տարածելու նպատակով»,- ասաց Սոթք ժամանած քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ ՔԿ ներկայացուցիչները այստեղ էին քննչական գործողություններ կատարելու համար։ «Հարձակման հենց առաջին օրը քրեական վարույթ է նախաձեռնվել, ապացույցները հավաքագրելուց հետո դրանք կտրամադրվեն մեր գործընկերներին` միջազգային ատյաններում ներկայացնելու համար»,- ասաց Քյարամյանը։ 

«Սոթքում և Կութում նաև էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ենթակառուցվածքներն են վնասվել թշնամու կրակից։ Բնակավայրերի հոսանքի և գազի վերականգնման աշխատանքներ են տարվում, մոտ օրերի ընթացքում դրանք կվերականգնվեն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Մկրտչյանը, նաև հավելեց, որ աշխատանքներ են իրականացվում մարդկանց կրած վնասները գնահատելու և փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ։ Բնակիչներին, ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը, նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մասով են օգնություն տրամադրում, փորձում են լուծել նաև այն բնակիչների ժամանակավոր կացարանների խնդիրը, ովքեր հեռացել են թիրախ դարձած բնակավայրերից։ 

Սոթքում մնացած բնակիչները մեզ ասացին, որ ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ, մնալու են այստեղ, քանի որ այստեղ է իրենց տունը։

Նույնիսկ ինտենսիվ հրետակոծության ընթացքում չեն լքել իրենց տունը, հիմա` առավել ևս չեն պատրաստվում հեռանալ։ Բնակիչներից ոմանք էլ նշում էին, որ պետք է դիվանագիտությունն ավելի ակտիվ աշխատի, պետք է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը մեծացվի։ 

82-ամյա Գրետա տատին էլ,  մնացել էր Սոթքում, ձմեռվա համար կարագ էր հալում։ Ասում է` «Երևանի, Մոսկվայի պաչկով կարագները, սրա մի շերեփի հետ չեմ փոխի»։ Մատնացույց անելով չամուսնացած լրագրողներիս ասում է «Երևանում լիքը աղջիկներ կան, ու քիչ տղաներ, որովհետև սրա նմանները չեն ամուսնանում», հետո ավելացնում` ոչ պսակվելն է մի բան, ոչ` չպսակվելը, բայց չպսակվես, ի՞նչ անես։ Թրև գաս, քեզ շորեր առնես հագնես, բա հետո՞: 

Սոթքում մնացած բնակիչները մի փոքր ավելի ուշադրության կարիք ունեն, ասում են տարբեր լուրեր են պտտվում, կարիք կա, որ պաշտոնյաները գան, տեղում ծանոթանան իրավիճակին, մարդկանց բացատրեն ինչ է կատարվում։ 

Տեսանյութը՝ ավելի ուշ

Վովա Հակոբյան