Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհված պայմանագրային զինծառայող Ալիսան եղբոր շիրիմին խոստացել էր, որ պետք է շարունակի նրա փոխարեն ծառայությունը․ նա ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանի քույրն է

Զոհված պայմանագրային զինծառայող Ալիսան եղբոր շիրիմին խոստացել էր, որ պետք է շարունակի նրա փոխարեն ծառայությունը․ նա ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանի քույրն է
Հասարակություն
15:57, 19 сентябрь 2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42-ամյա Ալիսա Մելքոնյանն Ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն է։ Նա պայմանագրային զինծառայող էր: Ալիսան երեխաներ չունի, ամուսնացած չէր:

Զոհված կին զինվորականը ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հորաքրոջ աղջիկն է: Պատգամավորը «Հայկական ժամանակի» հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել նրա մասին:

Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016 թվականին՝ եղբոր՝ Գագիկ Մելքոնյանի զոհվելուց հետո։ Հիշեցնենք՝ Գագիկ Մելքոնյանը զոհվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։ Գագիկը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:

Ալիսան ու Գագիկը ունեն եւս մեկ եղբայր, որը հաշմանդամություն ունի:

Պատգամավորի խոսքով՝ զարմուհին անվախ էր շատ, 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջ ընթացքում մարական դիրքերում է եղել: «Չնայած հետո, երբ արդեն վերադարձել էր, չէր կարողանում քայլել 3 ամիս, բայց վերականգնվել ու նորից վերադարձել էր դիրքեր: Մի բան կասեմ՝ անձնվիրաբար հայրենիքի համար կռվել է»,- նկատում է Ղազարյանը:

Ասում է, որ Ալիսային վերջին անգամ հանդիպել էր օգոստոսի 21-ին, խոսել էին. «Շատ հպարտ էր, ուրախ, որ բանակում զգալի դրական բարեփոխումներ են: Հումորով ասացի՝ Ալիսա, շատ ես չաղացել, քանի որ ինքը միշտ շատ նիհար էր, ասաց՝ բանակում ընտիր են մեզ նայում»:

Ալխաս Ղազարյանը սահմանային իրադրության լարման լուրը լսելու օրը՝ ժամեր անց՝ 00:35-ին է գրել զարմուհուն, որ իմանա որպիսությունը, բայց այդպես էլ չի կարողացել հետը կապ հաստատել. «Որպեսզի հանկարծ որեւէ վնաս չտամ, ուղղակի գրեցի՝ Ալիսա, տեսա՝ չկա պատասխան, 00:59-ին զանգեցի, չնայած էլի վախեցա, որ կվնասեմ, անհասանելի էր: Գիշերը 03:26 հեռախոսիս նամակ եկավ, որ բաժանորդը արդեն հասանելի է: Հետո իմացա, որ տուն էր զանգել, ասել, որ կռվի մեջ է, բայց լավ է, այլ բան չի ասել: Դրանից հետո հեռախոսին զանգել է եղբայրը, պատասխան չէր եղել»:

Հիշեցնենք՝ նախորդ տարի նոյեմբերին «Հայկական ժամանակը» հարցազրույց էր արել Ալիսա Մելքոնյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնել էր՝ եղբոր շիրիմին խոստացել է, որ պետք է շարունակի նրա փոխարեն ծառայությունը՝ կրի զինվորականի համազգեստ: Կին զինվորականը նկատել էր, որ քաջությունը գալիս է մանկուց, դրա համար էլ իրեն կնքել են «Առյուծիկ» մականվամբ: Ալիսան ասում էր՝ զինվորական դառնալը մեծ փոփոխություն է մտցրել իր կյանքում: Հպարտորեն նշում էր, որ տղամարդ զինվորականները, նորակոչիկներն իրեն շատ հաճախ ասում են՝ քո քաջությանը նայելով՝ մենք էլ ենք քաջալերվում: