Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ով է պատասխանատու «բառդակի» համար և որտեղից է գալիս այն․ ո՞վ պիտի կացարանի ճաղավանդակները հեռացնելու, վառարանը մուտքի առջևից այլ տեղ տանելու հրաման տար

Ով է պատասխանատու «բառդակի» համար և որտեղից է գալիս այն․ ո՞վ պիտի կացարանի ճաղավանդակները հեռացնելու, վառարանը մուտքի առջևից այլ տեղ տանելու հրաման տար
Հասարակություն
20:20, 19 январь 2023
Զորամասի կացարանի ողբերգական հրդեհի հետքերով Գեղարքունիք հասած բազմաթիվ լրագրողներին այսօր դիմավորել է ողբերգության անմիջական պատասխանատուներից դասակի հրամանատարը և հանդես եկել «սեփական վարկածով»։ Ընդ որում, վերջինս չի բացահայտել իր վարկածը, սակայն հերքել է պաշտոնականը։ «Դա ընդամենը վարկած է։ Ես երեկ եղել եմ այստեղ, և բենզին չի եղել։ Եթե լիներ էլ, ես թույլ չէի տա օգտագործել՝ հասկանալով հետագա հնարավոր հետևանքները։ Ես ունեմ սուբյեկտիվ վարկած, որը չեմ կարող բարձրաձայնել»,-լրագրողներին հայտարարել է նա։ Ապա սեփական պնդումը կասկածի տակ դրել․ «Եթե էդ շրջանառվող վարկածը վերցնենք, երևի կրակը թեժացնելու համար է օգտագործվել բենզին։ Որպես վառելափայտ օգտագործում ենք ցախ և քարածուխ։ Վառարանը վառելու համար օգտագործվում է թուղթ։ Ածուխն ու քարածուխը հնարավոր է նաև թղթով վառել»։  

Նշենք, որ կա պաշտոնական մեկ վարկած, որը հնչեց կառավարության նիստում։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը մեր հարցին, թե կա՞ այլ վարկած, պատասխանեց, որ այս պահին դեռ միայն այդ վարկածն է շրջանառվում, բայց որևէ հստակ բան ասել դեռ հնարավոր չէ։ Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Դասակի հրամանատարը նաև բանակում տիրող իրավիճակի և կոնկրետ կատարվածի մեղավորներ է կարգել։ «Բանակի «բառդակը» գալիս է բոլորից՝ գլխավոր շտաբի պետ, նախարար, վարչապետ։ Սրանից հետո թող ինչ ուզում են՝ ինձ ասեն կամ անեն, բայց երբ չես կարողանում  պատասխան տալ ծնողներին, դրանից վատ բան չի կարող լինել»,- ասել է զինվորականը՝ անտրամաբանական համարելով առանց քննության տեղի ունեցած պաշտոնանկությունները և հավելելով․  «Բառդակի պատասխանատուն բոլորս ենք՝ դուք, ես՝ որպես սպա, մյուսը՝ որպես պայմանագրային սերժանտ և ենթասպա»։ 

Սա այն դեպքում, երբ օրենքը բանակում տիրող կարգուկանոնի կոնկրետ պատասխանատուներ է սահմանել։ Եվ հենց ինքը համաձայն կանոնադրության, ի պաշտոնե պարտավոր է իրեն ենթակա զորամասում (ստորաբաժանումում) ապահովել ներքին կայուն կարգուկանոն` 

- շտաբի և ենթակա հրամանատարների (պետերի) գործունեությունն ուղղել բոլոր զինծառայողների զինվորական կանոնադրությունների պահանջների ուսումնասիրման և կատարման կազմակերպմանը. 

- կազմակերպել և պահպանել ներքին կարգուկանոնը հավաքակայանում, հրաձգարանում (պոլիգոնում) և այլ վայրերում, ուր ժամանակավորապես գտնվում են ստորաբաժանումները: Բացի դրանից, սպան պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմին զոհվելուց, խեղվելուց զերծ պահելու համար, սահմանել անվտանգության ապահովման անհրաժեշտ պահանջներ, մարտական հերթապահության (մարտական ծառայության) ժամանակ սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ աշխատելիս, ռազմերթերի, զորավարժությունների անցկացման, մարտական հրաձգության (հրթիռարձակման), թռիչքների, հատուկ պարապմունքների և աշխատանքների անցկացման, պահակային և ներքին (հերթապահ) ծառայությունների ժամանակ անվտանգության այդ պահանջները վաղօրոք հասցնել ենթականերին և պահանջել դրանց խստագույն կատարումը: 

Ակնհայտ է, որ կանոնադրության այս պահանջները չեն պահպանվել։ Չի պահպանվել նաև հենց դասակի հրամանատարի կողմից, և պատասխանատու պաշտոնյաների պաշտոնանկությունը անտրամաբանական համարելը, մեղմ ասած, անտրամաբանական է։