Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ փուլում է Արցախից տեղահանվածների համար Սյունիքի Շուռնուխ, Որոտան, Նռնաձոր համայքներում կառուցվող բնակարնների շինարարությունը

Ինչ փուլում է Արցախից տեղահանվածների համար Սյունիքի Շուռնուխ, Որոտան, Նռնաձոր համայքներում կառուցվող բնակարնների շինարարությունը
Հասարակություն
16:52, 11 май 2021
Մարտի 27-ին Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղում մեկնարկել էր  նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Թաղամասի կառուցումն իրականացվում է բարերարների կողմից, նախատեսվում է կառուցել 30 բնակարան։

Նռնաձոր համայնքի գյուղապետ Ալիկ Բոյաջյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ աշխատանքները կատարվելու են փուլ առ փուլ և սկզբնականում հաստատվել է 12 տան նախագիծ․ «Մոտավոր 2 կամ 3 տարում կկատարվի, քանի որ բարեգործական է, պետք է գումարը հավաքել, որպեսզի ավարտին հասցվի»։

Թաղամասի կառուցումն իրականացվում է վերջերս հիմնադրված «Մեղրիի զարգացման հիմնադրամի» կողմից: Ֆինանսավորումն իրականացվում է բարերարների միջոցներով: Մայիսի 8-ին տեղի էր ունեցել նոր թաղամասի երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը։ Մեղրիի քաղաքպետարանի ֆեյսբության էջում նշվում է, որ օրերս հաջողությամբ ավարտվել են գեոդեզիական և հողահարթեցման աշխատանքները, արդեն իսկ մեկնարկել են երկու տների կառուցման աշխատանքները, իսկ ծրագիրն այսքանով չի սահմանափակվում․ կա նպատակ ընդգրկելու ողջ Մեղրիի համայնքը: 

Ալիկ Բոյաջյան Civic.am-ին տեղեկացրեց, որ այս ծրագրի համար Արցախից տեղահանված ընտանիքներ արդեն դիմել են՝ հիմնականում Իջևանի շրջանից։ Նրա խոսքով՝  նախապատվությունը տրվելու է երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև մանկավարժներին, եթե նույնիսկ բազմազավակ չեն,  քանի որ գյուղը մանկավարժների խնդիր ունի։

Պարոն Օհանջանյանից նաև ճշտեցինք գյուղում մարդկանց տրամադրության և, անվտանգային առումով, իրավիճակի  մասին․ «Նորմալ է, գյուղում ամենինչ նորմալ է։ ժողովուրդը հանգիստ ապրում են։ Անհանգստություն կա, իհարկե։ Մամուլում, սոց․ ցանցերում շատ է ապատեղեկատվությունը։ Մարդիկ չեն էլ իմանում՝ որն է ճիշտը, որն է սխալը՝ այ միջանքի և մնացյալի հետ կապված։ Բայց միջադեպեր չկան, ամենինչ նորմալ է»։


Սյունիքի Որոտան գյուղում, որտեղ  ապրում են 4 տեղահանված ընտանիք, նույնպես նախատեսվում է նրանց համար բազմաբնակարան շենքի կառուցում։ Այս մասին այսօր՝ Civic.am-ին հայտնեց Որոտանի Գյուղապետ Սուրեն Օհանջանյանը։ 

«Աշխատանքները կազմակերպվում են Գորիսի համայնքապետի նախաձեռնությամբ և բարերարների աջակցությամբ։ Բազմաբնակարան շենք է կառուցվելու՝ 6 ընտանիքի համար։ Աշխատանքներժն արդեն սկսվել են», - նշեց նա։

Սահմանամերձ Շուռնուխ գյուղում, նույնպես, շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի փոխանցմամբ՝ մինչև հունավար 13 բնակելի տներ պետք է պատրաստ լինեն։ 

«Դեռևս հողային և ճանապարհների աշխատանքներ են կատարվել։ Շուռնուխի համայնքապետարանն էլ է բազմաբնակարան շենք կառուցում՝ Արցախից տեղահանվածների համար», - նշեց պարոն Արշակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այսօր, այս հարցի շուրջ, քաղաքաշինության կոմիտեի կողմից կազմակերպված հանրային քննարկում է լինելու։

Գյուղապետը անդրադարձավ նաև  գյուղում տիրող ընդհանուր իրավիճակին, նշելով, որ անվտանգային առումով Շուռնուխում նույնպես իրավիճակը հանգիստ է․ «Նույնն է ամեն ինչ,ժողովուրդը նույն տրամադրության մեջ են, «մանթրաժ» վիճակ է, էլի, մարդկանց մոտ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ կառավարության նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էր հայտնել Շուռնուխում  մեկնարկվող այս ծրագրի մասին, ըստ որի, նախատեսվում է իրականցնել նշահարման և նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքներ,  13 նոր բնակելի տների տեղակայման և շինարարական աշխատանքներ, ինչպես նաև, անասնագոմերի կառուցում։

Սյուզի Սիրականյան