Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ազերին ո՞վ է, որ անձնագիր ցույց տամ, ես իմ անձնագիրը եթե ցույց տամ ազերիին, կնշանակի ընդունում եմ, որ դա իր տարածքն է»․ Արցախի շրջափակված Մեծ Շենի բնակիչ

«Ազերին ո՞վ է, որ անձնագիր ցույց տամ, ես իմ անձնագիրը եթե ցույց տամ ազերիին, կնշանակի ընդունում եմ, որ դա իր տարածքն է»․ Արցախի շրջափակված Մեծ Շենի բնակիչ
Հասարակություն
18:39, 02 май 2023
«Սննդամթերքի պակասը գնալով ավելի է զգացվում, հարևաններով փոխանակվում ենք՝ մեկը պանիր ու կաթը տալիս է մյուսին ու փոխարենը՝ մակարոն ու ալյուր վերցնում, բայց սա երկար չի կարող տևել՝ մի քանի օրվա սնունդ է մնացել»,-Civic.am-ի հետ զրույցում ասում է Շուշիի շրջանի շրջափակման մեջ հայտնված Մեծ Շեն բնակավայրի բուժքույր Սևան Մանջիկյանն ու ընդգծում, որ ինչքան էլ նեղ վիճակում հայտնվի, ադրբեջանցիների տեղադրած անցակետով չի անցնելու։ «Ազերին ո՞վ է, որ անձնագիր ցույց տամ, ես իմ անձնագիրը եթե ցույց տամ ազերիին, կնշանակի ընդունում եմ, որ դա իր տարածքն է»,-նշում, է նա։ 

Սևան Մանջիկյանի խոսքով՝ Շուշիի Քարին տակ բնակավայրից թեպետ ադրբեջանցի «բնապահպանները» հեռացել են, բայց Ադրբեջանի զորքն է այնտեղ կանգնած, և Ստեփանակերտ տանող ճանապարհը դեկտեմբերի 12-ից դեռ փակ է։ «Հակարիի կամրջի մոտով էլ Հայաստան՝ Գորիս, չենք կարող գալ ապրիլի 23-ից Ադրբեջանի տեղադրած անցակետի պատճառով»,-նշում է Սևան Մանջիկյանն ու ընդգծում, որ ամբողջությամբ շրջափակման մեջ հայտնված Շուշիի 4 բնակավայրերում՝ Մեծ Շենում, Լիսագորում, Հին Շենում ու Եղցահողում հիվանդանոց չկա․ «Հին Շենից, Եղցահողից խրոնիկ հիվանդներ ունեմ՝ սրտանոթային հիվանդներ են, դիաբետիկներ են, հիպերտոնիկներ։ Ճիշտ է, իրենց անհրաժեշտ դեղերը գոնե մեկ ամսվա համար ապահովեցի, երբ ապրիլի 23-ին գնացի Գորիս, բայց եթե որևէ մեկը վատ զգա ու հիվանդանոց տանելու կարիք լինի, մենք ոչ կարող ենք Ստեփանակերտ ուղարկել, ոչ էլ Հայաստան՝ Գորիս»։ 

Երեկ՝ մայիսի 1-ին Հին Շենից մի 15 տարեկան երեխայի են տարել բուժքույր Մանջիկյանի մոտ՝ ձեռքի վնասվածքով․ ասում է՝ ձեռքն այտուցված էր, կտորով ու ռեզինով կապեցի՝ ֆիքսեցի ձեռքը, բայց ռենտգեն պետք է արվի, որ պարզվի վնասվածքի տեսակը․ «Ես իրեն ոչ Ստեփանակերտի հիվանդանոց կարող եմ ուղարկել, ոչ էլ Գորիսի՝ ճանապարհը երկու կողմից փակ է։ Շուշիի այս 4 համայնքներում էլ ընդամենը բուժկետեր են»,-դժգոհում է Հին Շենի բուժքույրը։

Ասկերանի հիվանդանոցից զանգել են Սևան Մանջիկյանին ու անհրաժեշտ դեղորայքի ցուցակն ուզել, բայց թե ո՞ր ճանապարհով, ի՞նչ ձևով են ուղարկելու Հին Շեն, բուժքույրը պատկերացում չունի։ 

Մեծ Շենի բնակիչները, ովքեր խոզ են պահում, կերի խնդրի առաջ են կանգնած։ Մեծ Շենի բնակիչներից Անուշ Հարությունյանն ասում է՝ կերը Գորիսի Տեղ գյուղից էինք գնում, ու հիմա սոված են խոզերը․ «Կեր չլինելու պատճառով արդեն մի խոզին մորթել ենք, էն մեկին էլ յոլա ենք տանում։ Կերի փոխարեն խոտ ու պանրի ջուր ենք տալիս խոզին, որ ուտի»։ 

Ծնունդով Մեծ Շենից Անուշ Հարությունյանը բազմազավակ մայր է՝ հինգ երեխա ունի ու մեծ աղջկան նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից չի տեսել․ «Աղջիկս Ստեփանակերտում է սովորում, ոչ տեսնում եմ, ոչ կարողանում եմ գումար ուղարկել, որ տան վարձը տա, սնունդ գնի։
Գոնե էն ժամանակ գնում էի Գորիս, քարտիցս աշխատավարձս հանում էի ու գումար ուղարկում իրեն։ Թե աղջիկս ոնց պետք է ապրի, չգիտեմ»,-մտահոգվում է Անուշն ու չնայած իր այդ վիճակին շեշտում․ «Համաձայն չենք, որ ադրբեջանցիները ստուգեն մեր անձնագրերը ու նոր թույլ տան գանք Հայաստան»։

Նարա Մարտիրոսյան