Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հականժդեհականության դեմ պայքարող Արցախի ՀՅԴ-ն չի ընդդիմանում ռուսերենն Արցախում պաշտոնական լեզու դարձնելու նախագծին

Հականժդեհականության դեմ պայքարող Արցախի ՀՅԴ-ն չի ընդդիմանում ռուսերենն Արցախում պաշտոնական լեզու դարձնելու նախագծին
Հասարակություն
14:36, 23 февраль 2021
Դեռևս 2012թ-ին ներկայիս ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, որն այդ տարիներին չէր զբաղեցնում որևէ պաշտոն, «Հայ լինելու մշակույթը» հաղորդման շրջանակներում խոսել է հասարակության մեջ ձևավորված, տարբեր ընկալումների արժանացող «ազգային գաղափարից»։ Ժաննա Ալեքսանյանն այդ հաղորդմանը հյուրընկալվել էր որպես սոցիոլոգ և անդրադառնալով Նժդեհյան գաղափարախոսությանը նշել է՝ «Նժդեհյան գաղափարախոսությունը ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է։ Նժդեհյան գաղափարախոսությունը շատ վտանգավոր է մեզ համար որպես 21-րդ դարի հասարակություն, որովհետև այն հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների նկատմամաբ սահմանելու այս մոլուցքով։ Այսինքն՝ եթե հանենք բոլոր սիրուն բառերը և թողնենք իր կմախքը՝ իր կմախքը սա է»։

ԿԳՄՍ փոխնախարարի այս խոսքերը միայն օրերս տարածվեց մամուլով։ Եվ երեկ՝ փետրվարի 22-ին, երբ Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակության հետ մեկնել էր Արցախ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը բողոքի ակցիա իրականացրեց՝ նրան դիմավորելով «Առանց Ժաննա կրթություն», «Բոլորս Նժդեհ ենք» բողոքի պաստառներով։ 
«Մեզ համար անընդունելի է պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապազգային քարոզչությունը»,-հրապարակվել է Արցախի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում: 

Այս համատեքստում շեշտենք, որ ԿԳՄՍ փոխնախարարի հականժդեհյան խոսքերը չեն կարող համարվել բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ապազգային քարոզչություն, քանի որ այդ ժամանակ Ժաննա Անդրեասյանը որևէ պաշտոն չի զբաղեցրել։ 

Civic.am-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Վահրամ Բալայանի հետ։

«Այդ միջոցառումը կյազմակերպել է Արցախի ՀՅԴ երիտասարդական թևը։ Նման միջոցառում կազմակերպել են նաև Նժդեհի արձանի մոտ, քանի որ խոսակցություն կար, որ Արցախի Մարտունի քաղաքից պետք է Նժդեհի արձանը հանվեր։ Ժաննա Անդրեասյանի դեմ իրականացված ակցիան կարելի է ասել դրա շարունակությունն էր, որովհետև զգայուն հարց է՝ Նժդեհը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն Սյունիքի պաշտպանության հարցում, այլ նաև կազմակերպել է Արցախի պաշտպանությունը։ Նժդեհը մեր ժողովրդի ամենապայծառ դեմքերից մեկն է եղել և նման հայրենասեր մարդն արժանի չի նման վերաբերմունքի»,-ներկայացրեց Վահրամ Բալայանը։    

Արցախ ԱԺ պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդ տարներին որևէ պաշտոն չզբաղեցնող Ժաննա Անդրեասյանն իրավունք չուներ իր տեսակետը հայտնելու։ Ի պատասխան մեր հարցադրման՝ Վահրամ Բալայանն արձագանքեց․ «Այն տեսակետը, որը վնասակար է հայության, մեր պետականության համար՝ դա նշանակում է խալխլել պետականության հիմքերը»։

Նշենք, որ երբ 2016 թվականի մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության 98-ամյակի առթիվ՝ Երևանում բացվեց Գարեգին Նժդեհի արձանը, ռուսական լրատվամիջոցները ողողվեցին քննադատական ելույթներով։ Նժդեհի արձանը Հայաստանում տեղադրելու հարցին նաև անդրադարձավ Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մասնավորապես ասելով թե՝ իրենք զարմացած են Երևանում ֆաշիստական գեներալի արձանի տեղադրմամբ․ «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

Հիշեցնենք, որ հայ ռազմական և պետական գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր Գարեգին Նժդեհը պայքարել է  թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ մի շարք պատերազմներում։ Նրա շնորհիվ Սյունիքը մնացել է Հայաստանի կազմում։ Սակայն Նժդեհը կասկածվելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, 1944 թ․ Խորհրդային Ռուսաստանի կողմից ձերբակալվել է, դատապարտվել 25 տարվա բանտարկության և մահացել բանտում։  Իր մահից հետո 1992 թ. մարտի 30-ին, Գարեգին Նժդեհը անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվել է։

Ուշագրավ է, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ 9 տարի առաջ արած հայտարարությունը հիշած և դրա դեմ պայքարի դուրս եկած ՀՅԴ-ն չի հիշում ՌԴ պաշտոնյայի պաշտոնական տեսակետը Նժդեհի մասին։ Ավելին՝ ՀՅԴ-ն դեմ չի արտահայտվում Արցախում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու նախաձեռնությանը, ինչը ևս կարելի է «հականժդեհականության» դրսևորում համարել։  
Ներկայումս Արցախի ԱԺ երեք պատգամավորներ հեղինակել են նախագիծ՝ ըստ որի ռուսերեն լեզուն առաջարկվում է Արցախում դարձնել պաշտոնական լեզու՝ հայերեն լեզվին զուգահեռ։ Նախագծի ընդունման դեպքում՝  հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակություններ կլինեն, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականություն կստեղծվի, օրենքը կտարածվի նաև ԶԼՄ-ների վրա։  

Վահրամ Բալայանից հետաքրքրվեցինք՝ այս հարցի շուրջ ինչպիսի՞ն է Արցախի  ՀՅԴ կուսակցության դիրքորոշումը։ «Մենք քննարկումներ ենք ծավալում, դեռ շարունակվում են քննարկումները, և չենք ձևավորել տեսակետ»,-պատասխանեց մեր զրուցակիցը։ 

Արդյո՞ք ՀՅԴ-ն դեմ կլինի այս նախագծին, թե՞ դա ռուսների հետ հարաբերությունները վատացնելու վտանգ կպարունակի։ Ի պատասխան այս հարցի Վահրամ Բալայանը նշեց, թե սա այն հարցն է, որ հեռախոսով և հեռուստատեսությամբ չեն քննարկում․ «Ամեն ինչ չի, որ ներկայացվում է, խոսվում է, բացատրվում է, քանի որ երբեմն բաներ կա ասում ես ի վնաս մեր երկրի է օգտագործվում։ Մեր որոշումն ի նպաստ կլինի Արցախի հանրապետությանն ու մեր ժողովրդին»։ 

Հարցին՝ Արցախի ժողովրդին ի նպա՞ստ է, որ ԱԺ երեք պատգամավորները հեղինակել են այդ նախագիծը, ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ հարցն ունի բազմաթիվ կոմպոնենտներ՝ քաղաքական, իրավական, բարոյական, անվտանգային․ «Մեզ համար շատ կարևոր է, որ ազգային արժեքները պահպանվեն, բայց ազգային արժեքների պահպանությունը պետք է նաև ծառայի  մեր ժողովրդի անվտանգությանը, նրա՝ իր հայրենիքում ապրելու հարատևությունն իրականություն դարձնելուն, մեր պետականությունը պահելուն»։

Մեր դիտարկմանը՝ ռուսերեն լեզուն պաշտոնապես հայերենին հավասարեցնելն ու Նժդեհյան գաղափարախոսությունը չե՞ն հակադրվում մեկը մյուսին, Վահրամ Բալայանը կրկնեց՝ թե այդ հարցը քննարկման փուլում է և այն հարցերը, որոնք կնպաստեն ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքը պահելուն՝ իրենք կգնան այդ ճանապարհով։ 


Նարա Մարտիրոսյան