Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնանորոգումից հետո 8 ավագ դպրոց կունենա կրթության համար բարենպաստ շենքային պայմաններ

Հիմնանորոգումից հետո 8 ավագ դպրոց կունենա կրթության համար բարենպաստ շենքային պայմաններ
Գիտություն
19:18, 30 сентябрь 2021
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից գումար վերաբաշխել և հատկացնել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հիմնանորոգվող ավագ դպրոցները գույքով ապահովելուն:

Ըստ հիմնավորման՝ ծրագիրը 2018 թվականից ի վեր ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետբյուջեից համաֆինանսավորմամբ (համապատասխանաբար 80 տոկոս և 20 տոկոս հարաբերակցությամբ):

Միջոցառման շրջանակում ընտրվել է թվով 8 ավագ դպրոց, որոնցում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այդ դպրոցներն են՝ Երևանի Հայկական Մանկավարժական Համալսարանի հենակետային ավագ դպրոց վարժարանը, Գեղարքունիքի մարզի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցը, Երևանի թիվ 42, թիվ 142 ավագ դպրոցները, Սյունիքի մարզի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը, Շիրակի մարզի թիվ 3 ավագ դպրոցը, Գյումրու Ակադեմիական վարժարանը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 5 ավագ դպրոցը։ Գյումրու Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մնացած դպրոցներինը՝ գտնվում են ավարտական փուլում։

Հիմնանորոգումից հետո վերոնշյալ ավագ դպրոցները կունենան կրթության համար բարենպաստ և արդի պահանջներին համապատասխանող շենքային պայմաններ։

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում ժամանակակից հետազոտություններ իրականացնելու համար ձեռք կբերվի Իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք և Ռենտգենյան դիֆրակտոմետր: Գործադիրն ընդունել է «Գնման գործընթացները կազմակերպելու մասին» որոշում:

Ժամանակակից գիտական սարքավորումների ձեռքբերմամբ ինստիտուտում հիմնված Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնում ստեղծվելու է նանոճարտարագիտության տեխնոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, եզակի գիտական և տեխնոլոգիական նշանակություն ունեցող լաբորատորիա, ինչով հնարավորություն է ընձեռնվելու ատոմային մակարդակում կառավարել նանոկառուցվածքների ստացման ողջ ցիկլը: