Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր գիտնականների գիտահետազոտական թեմաները կֆինանսավորվեն Եվրամիության կողմից. ԿԳՄՍ նախարար

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցությունը հնարավորություն կտա ՀՀ գիտնականներին և խմբերին անմիջական մասնակից դառնալու համաշխարհային մակարդակի և նշանակության հետազոտություններին, օգտվելու նաև առաջադեմ երկրների ենթակառուցվածքներից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության հերթական նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 

«Ծրագրում նաև հնարավորություններ են ստեղծվում բարձր տեխնոլոգիական ոլորտի, ստարտափերի և փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության համար»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ ծրագրին մասնակցությունը կապահովի ՀՀ գիտական համակարգին եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությանը. «Ծրագրին մասնակցությունը հավելյալ բյուջետային ծախսեր չի առաջացնի»:

Հստակեցնելով՝ նախարարը նկատեց, որ համաձայնագրի շնորհիվ մեր գիտնականների գիտահետազոտական թեմաները կֆինանսավորվեն Եվրամիության կողմից, և մեր գիտնականները կօգտվեն ԵՄ երկրների գիտական բոլոր ենթակառուցվածքներից. «Կախված մեր գիտնականների ակտիվությունից՝ մեր անդամավճարն էլ կարող է նվազեցվել: Առաջին և երկրորդ տարիներին անդամակցության վճարը 550 հազար եվրո է, բայց ըստ պայմանավորվածության՝ մեր երկրին 50 տոկոսը վերադարձվելու է, իսկ երրորդ տարվանից գումարը կարող է վերանայվել»: