Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ. Հայաստանում կկայանա կենսաբանության միջազգային օլիմպիադան և բազմաթիվ երկրների աշակերտներ կժամանեն Երևան. Վահրամ Դումանյան

2022թ. Հայաստանում կկայանա կենսաբանության միջազգային օլիմպիադան և բազմաթիվ երկրների աշակերտներ կժամանեն Երևան. Վահրամ Դումանյան
Գիտություն
12:14, 28 декабрь 2021
«Կառավարությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում հանրակրթության բնագավառում»,- այսօր` դեկտեմբերի 28-ին, ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` ներկայացնելով 2021թ. կատարված աշխատանքները: 

Նախարարը խոսելով հանրակրթության բնագավառում կապիտալ բնույթի ծախսերից` դպրոցաշինությունից, նշեց, որ 2021թ. ԿԳՄՍ բյուջեով իրականացված տարբեր ծրագրերում` կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել 88 դպրոց. «Ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են կատարվել, 107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել են ընդհանուր առմամբ 335 լաբորատորիաներ: Ներկայումս ընթացքի մեջ են Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը` նոր չափանիշների ներդրմանն ընդառաջ: Կապանի խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում կստեղծվեն 14 ինժեներական լաբորատորիաներ»:

Խոսելով հանրակրթության բնագավառի բովանդակային մասից նախարարը հիշատակեց, որ հանրակրթության նոր չափորոշիչ է հաստատվել, ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի ներդրում է իրականացվել, ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստման գործընթացն է վերսկսվել , ինչպես նաև վերապատրաստվել է 7.000 ուսուցիչ: 

«Հանրակրթության մասին օրենքի փոփոխություն է կատարվել` բարձր լեռնային և սահմանային բնակավայրերում ուսուցիչների գործուղման կարգի և պայմանների, ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման էական բարելավում է եղել»,-նշեց Վահրամ Դումանյանն ու հավելեց, որ հաջորդ տարի տեղի կունենա կենսաբանության միջազգային օլիմպիադան և բազմաթիվ երկրների աշակերտներ կժամանեն Երևան` մասնակցելու կենսաբանություն առարկայի միջազգային օլիմպիադային. «2022թ. Հայաստանում նախատեսվում է նաև գիտության ոլորտում ամենահանրաճանաչ  «STARMUS» գիտական փառատոնի անցկացումը:  Շարունակվում են աշխատանքները կայուն դպրոցական սնունդ ծրագրի շրջանակներում և մյուս տարի կավարտենք այս ծրագիրը»: