Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Falconers կազմակերպության գործադիր տնօրեն Մարտին Սայմոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Falconers կազմակերպության գործադիր տնօրեն Մարտին Սայմոնին և Marduk Technologies կազմակերպության ներկայացուցիչ Լիթ Ռաունո Լեմբերին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ի Իլինոյս համալսարանի և Urbana Champaign կազմակերպության ներկայացուցիչ Նաիրա Հովակիմյանը, ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը և Արմեն Խարազյանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով հյուրերին գոհունակությամբ նշել է, որ կիբեռանվտանգության թվային տեխնոլոգիաների ոլորտում հայ-էստոնական համագործակցության մեկնարկը շատ խորհրդանշական է, քանի որ երկու երկրները բազմաթիվ նմանություններ ունեն:
Նախագահն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է՝ կիբեռանվտանգության համակարգի զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է՝ նաև հաշվի առնելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու Ադրբեջանի կողմից ոչ միայն ռազմական, այլև կիբեռհարձակումները:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար և շեշտել, որ տպավորված են Հայաստանի Ճարտարագիտական համալսարան այցից և տեսնում են թվայնացման, անվտանգային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում հայ-էստոնական փոխգործակցության մեծ ներուժ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և հարակից ոլորտներում: