Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկում ենք ամսական առնվազն 70.000 դրամ կրթաթոշակ սահմանել, այդ թվում նաև՝ ագրարային ոլորտի ուսանողների համար. Ժաննա Անդրեասյան

Առաջարկում ենք ամսական առնվազն 70.000 դրամ կրթաթոշակ սահմանել, այդ թվում նաև՝ ագրարային ոլորտի ուսանողների համար. Ժաննա Անդրեասյան
Գիտություն
16:03, 19 апрель 2023
Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

ԱԺ նիստը ուղիղ հետևող քաղաքացիներից մեկը հարց էր հղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որը բարձրաձայնեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Հարցը վերաբերում էր Ագրարային համալսարանում ամեն տարի ուսման վարձավճարների բարձրացմանը և դրա պատճառներին:

Ի պատասխան նախարարն ասաց. «Ժամանակ առ ժամանակ բուհերը վերանայում են ուսման վարձերի չափերը, և դրա հիմքում ընկած են այն ծախսերը, որ բուհերն իրականացնում են տվյալ ուղղությամբ կրթությունը կազմակերպելու համար: Քանի որ երեկ էլ խոսակցություն եղավ գնաճի տեմպերի մասին, պիտի հասկանանք, որ բուհերի կողմից իրականացվող ծախսերը նույնպես ավելանում են:

Հետևաբար ես կարծում եմ, որ չկա տրամաբանություն, որ ուսման վարձերի փոփոխություններ չլինեն: Այլ հարց է, թե որքանով են իրազեկված ուսանողները, և ուսման վարձի նոր չափերը պիտի գործեն նոր ընդունվող ուսանողների համար»:

Նախարարը որպես ագրարային ոլորտի ուսանողների համար իրազեկում նշեց, որ ներկայացվել է կրթաթոշակային նոր տրամաբանություն: «Ինչպես գիտեք, տարիներ շարունակ մեր բուհերի ուսանողները ստացել են ամսական 5000 դրամի չափով կրթաթոշակներ, որը ուսանողի համար որևէ խնդիր չի լուծում, բայց պետության համար նշանակում է մի քանի հարյուր միլիոն դրամի փոշիացում»,- ասաց Ժաննա Անդրեասյանը և հավելեց, որ կրթաթոշակների նոր մոտեցում են ներկայացրել. «Առաջարկում ենք, որ պետության համար գերակա ուղղություններով, որտեղ դիմորդների թվի խրախուսման կարիք կա, ամսական առնվազն 70.000 դրամ կրթաթոշակ սահմանել: Եվ ագրարային ոլորտը դրանցից մեկն է»: