Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նույնիսկ 60 դրամ մուտքի տոմս ունեցող թանգարան ունեինք. մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված. Ժաննա Անդրեասյան

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

«Կրթության ռազմավարությունը մի շատ պարզ բան է ասում՝ մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր քաղաքացու պետք է հասանելի լինի որակյալ, միջազգայնորեն մրցունակ կրթությունը»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 

«Մենք հաճախ ենք ասում՝ Հայաստանը թանգարանը բաց երկնքի տակ», ասաց նախարարը և հավելեց՝ սակայն, մենք մեր երկրում ապրում ենք միջին զբոսաշրջիկի տրամաբանությամբ. «Գիտենք միայն այն տեսարժան վայրերն ու հուշարձանները, որոնք առավելապես հայտնի են, ու չենք ճանաչում մեր հուշարձանների զգալի մասը: Այնինչ հայրենասիրությունը, որի մասին երեկ այս դահլիճում խոսվեց, առաջին հերթին հայրենաճանաչությունն է: Ու սա, այո, նաև կրթության խնդիրն է, որը փորձում ենք լուծել նոր չափորոշիչով, որում նոր առարկա կա՝ «Ես և իմ հայրենիքը», որտեղ հայրենիքը նույնանում է պետության հետ»,- ասաց նախարարը: 

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում կներկայացվեն հայտեր:

Ինչ վերաբերում է թանգարաններ այցելություններին, նախարարն ասաց. «Այս օրերին ունեինք նույնիսկ 60 դրամ մուտքի տոմս ունեցող թանգարան. ես չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ է հնարավոր ձեռք բերել 60 կամ 100 դրամով: Որոշել ենք հրաժարվել այս գնային քաղաքականությունից. մշակույթը պետք է լինի հասանելի, բայց արժևորված: Մայիսի 1-ից մինչև 12 տարեկան մեր երեխաների մուտքը թանգարաններ կլինի անվճար»: Նախարարի կարծիքով՝ տոմսի նվազագույն գինը չպետք է պակաս լինի 1000 դրամից:

Մանրամասն՝ տեսանյութում