Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գոյ» թատրոնի և՛ անվանումն է պահպանվելու, և՛ ֆինանսավորվելու է նրանց խաղացանկը. Ժաննա Անդրեասյան

«Գոյ» թատրոնի և՛ անվանումն է պահպանվելու, և՛ ֆինանսավորվելու է նրանց խաղացանկը. Ժաննա Անդրեասյան
Մշակույթ
14:47, 19 апрель 2023
Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

«Պետությունը մեծացնում է իր կապիտալ ներդրումները մշակութային հաստատություններում՝ ձևավորելով արդիական, ժամանակակից սարքավորումներով հագեցած, մարդու ժամանցի, մշակութային հաստատություն այցի համար հարմարավետ միջավայր: Եվ ինչ ենք ասում. այդ հարթակները չպիտի լինեն կցված կոնկրետ ՊՈԱԿ-ներին»,- ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցի ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գոյ» թատրոնին առնչվող հարցի կապակցությամբ նախարարն ասաց, որ նախորդ տարի բավական մեծ գումար է հատկացվել Սունդուկյանի անվան թատրոնին. «Եվ նույն շենքում ունենք «Գոյ» թատրոնը, որի կոմունալներն էլ վճարվում են Սունդուկյանի բյուջեից: Եվ մենք ասում ենք՝ սիրելի «Գոյ» թատրոն, արի մասնակցիր այդ ընդհանուր հարթակին տրված հնարավորություններին, քո ներկայացումները խաղա Սունդուկյանի տարբեր բեմերում, ունեցիր քո առանձին խաղացանկը, քո առանձին դիմագիծը և վարչատնտեսական ու կառավարման բլոկի մասին մի մտածիր»:

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ հանդիպել է «Գոյ» թատրոնի ներկայացուցիչների հետ, ու թատրոնի և՛ անվանումն է պահպանվելու, և՛ ֆինանսավորվելու է իրենց խաղացանկը. «Նրանց նոր ծրագրերը պատրաստ ենք դիտարկել այս միավորման պարագայում: Կարծում եմ՝ այնպիսի լուծում կգտնենք, որը կբավարարի բոլոր կողմերին»:

Մանրամասն՝ տեսանյութում