Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռոման» վերսկսել է մարզումները. Հենրիխ Մխիթարյանին սկզբունքային խաղեր են սպասվում

«Ռոման» վերսկսել է մարզումները. Հենրիխ Մխիթարյանին սկզբունքային խաղեր են սպասվում
Սպորտ
22:22, 03 январь 2022
Հռոմի «Ռոման» կարճատև դադարից հետո, որը կապված էր Սուրբ ծննդյան տոների հետ, վերսկսել է մարզումները: Թիմը պատրաստվում է «Միլանի» և «Յուվենթուսի» հետ սկզբունքային խաղերին, որոնք կկայանան հունվարի 6-ին և 9-ին:
 
Նոր տարին հռոմեացիները սկսում են ուրախալի լուրով: Թիմի ավագ Լորենցո Պելեգրինին ապաքինվել է վնասվածքներից և միացել է թիմին: Անցած տարվա վերջում թեթևակի վնասվածք էր ստացել նաև կենտրոնական հարձակվող Տամի Աբրահամը, սակայն նա նույնպես ապաքինվել է և մարզվում է ընդհանուր խմբի հետ:
 
Սակայն, առաջիկա խաղերից առաջ «Ռոման» կադրային կորուստներ է կրել: Իսպանացի Բորխա Մայորալը վարակվել է կորոնավիրուսով և բաց կթողնի հանդիպումները: հարձակվող Էլ Շարավին և պաշտպան Լեոնարդո Սպինացոլան դեռ չեն ապաքինվել վնասվածքից և չեն կարող օգնել թիմին:
 
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի կազմում պատրաստվում է «Միլանի» և «Յուվենթուսի» հետ խաղերին: Ըստ իտալական մամուլի, հայ ֆուտբոլիստը հավանաբար բաց կթողնի միլանցիների հետ արտագնա խաղը, իսկ «Յուվենթուսի» հետ տնային հանդիպմանը կլինի արդեն մեկնարկային կազմում:
 
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2021 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցույթում զբաղեցրել էր 2-րդ տեղը` զիջելով իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանին