Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թայվանում առավոտյան տեղի է ունեցել վերջին 25 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժը՝ 7 մագնիտուդից ավելի ուժգնությամբ

Թայվանում առավոտյան տեղի է ունեցել վերջին 25 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժը՝ 7 մագնիտուդից ավելի ուժգնությամբ
Աշխարհ
11:05, 03 апрель 2024
Թայվանի արևելյան ափերի մոտ ապրիլի 3-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:58-ին  հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Թայվանի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Հուալյան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք: Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ, ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը գնահատել է 7,4 մագնիտուդ, հայտնում է Reuters-ը։ Առաջին երկրաշարժից հետո Թայվանում գրանցվել է մոտ 40 հետցնցում՝ մինչև 6,5 մագնիտուդով։

Թայվանի իշխանությունների տվյալներով, որոնք մեջբերում է Focus Taiwan-ը, երկրաշարժի հետևանքով կեսօրվա դրությամբ մահացել է 4, վիրավորվել 57 մարդ (այլ տեղեկություններով՝ 97)։ Կղզում փլուզվել է առնվազն 26 շենք, որոնցից կեսից ավելին՝ լեռնային և սակավամարդ արևելյան Հուալյան գավառում, որն ամենաշատն է տուժել: Հուալյան քաղաքի կենտրոնում մասամբ փլուզվել և թեքվել են երկու բազմահարկ շենքեր։ Փլատակների տակ դեռ մարդիկ կան, փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Երկրաշարժի հետևանքով Թայվանում  ավելի քան 354 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Երկրաշարժից հետո Թայվանի, Ճապոնիայի և Ֆիլիպինների իշխանությունները նախազգուշացրել են ցունամիի մասին, որը շուտով չեղարկվել է։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժից 15 րոպե անց Յոնագունի կղզու ափերի մոտ 30 սանտիմետր բարձրությամբ ցունամիի ալիք է գրանցվել։

Ի պատասխան Չինաստանի՝ երկրաշարժի հետևանքները օգնելու պատրաստակամության, Թայվանի իշխանությունները շնորհակալություն են հայտնել Պեկինին մտահոգության համար, սակայն վստահեցրել են, որ օգնության կարիք չունեն, հաղորդում է տեղական The Watch Media պորտալը: Թայվանում տեղի ունեցած երկրաշարժն ամենաուժեղն էր 1999 թվականից ի վեր, երբ տեղի ունեցավ տարածաշրջանի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը։ Այդ ժամանակ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների հետևանքով զոհվել էր մոտ 2400 մարդ, տուժել մոտ 100 հազարը, 50 հազար շենքեր փլուզվել կամ վնասվել էին։