Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Ալիևի գործընկերների նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված Ալիևի գործընկերների նկատմամբ
Աշխարհ
17:48, 24 декабрь 2021
Կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու պատճառով՝ Մալթայի էներգետիկայի նախկին նախարար Կոնրադ Միցցիին և վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Քիթ Շեմբրին, ԱՄՆ-ի կողմից ներառվել են պատժամիջոցների ցուցակում։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքը։

Նշվում է, որ Միցցին և Շեմբրին իրենց պաշտոններում ներգրավված են եղել կոռուպցիոն գործողություններում՝ օգտագործելով իրենց քաղաքական ազդեցությունն ու իշխանությունը՝ անձնական շահերի համար։  

«Մասնավորապես, կան հավաստի տեղեկություններ, որ Միցցին և Շեմբրին ներգրավված են եղել կոռուպցիոն սխեմայի մեջ, որը ենթադրում է «ատկատների» և կաշառքի դիմաց էլեկտրակայանի ու հարակից ծառայությունների կառուցման պետական պայմանագրի շնորհում: Նրանց գործողությունները խաթարել են օրենքի գերակայությունը և Մալթայի հասարակության հավատը իրենց կառավարության ժողովրդավարական ինստիտուտների և հասարակական գործընթացների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ պատժամիջոցներ են սահմանվել նաև նրանց ընտանիքի անդամների ու մերձավոր հարազատների համար։ Այդպիսով, նրանց բոլորի մուտքն ԱՄՆ արգելվում է։

Հատկանշական է, որ այս երկու նախկին պաշտոնյաներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն գործընկերներից են։ 

Հանրահայտ Պանամայի փաստաթղթերի բացահայտումների հիման վրա՝ Կոնդրադ Միցցիի և Քիթ Շեմբրիի կոռուպցիոն կապերի մեջ են եղել Ադրբեջանի նախագահի ու տարբեր պաշտոնյաների հետ։ Բացահայտվել էին Միցցիին ու Շեմբրիին պատկանող երկու օֆշորային ընկերությունները։