Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը չի բացառում, որ Էրդողանը Ստամբուլում կարող է բարձրացնել Ղարաբաղի թեման. ТАСС

Ռուսաստանը չի բացառում, որ Էրդողանը Ստամբուլում կարող է բարձրացնել Ղարաբաղի թեման. ТАСС
Աշխարհ
11:52, 29 март 2022
Ռուսական կողմը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունների նպատակով Ստամբուլ ժամանած Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման ժամանակ կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրը։

«Եթե միայն Էրդողանի կողմից, <…> դա ուկրաինացիներին չի վերաբերում, բայց նա կարող է փորձել քննարկել դա մեզ հետ (Լեռնային Ղարաբաղում սրման թեման-նշում է ТАСС-ը)»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ժամանակը բավարար կլինի»,- հավելել է նա։

Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը:

Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ»,-նշվում է հայտարարության մեջ: