Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը ևս մեկ անգամ Թուրքիայի աջակցությունն է հայտնել՝ կապված Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ

Էրդողանը ևս մեկ անգամ Թուրքիայի աջակցությունն է հայտնել՝ կապված Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ
Տարածաշրջան
13:19, 10 август 2022
Օգոստոսի 9-ին Քոնյա քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ 

Ինչպես հաղորդում է «Ազերթաջ»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը հրավիրելու համար։

Թուրքական պետության ղեկավարն իր հերթին երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ հրավերն ընդունելու և միջոցառմանը մասնակցելու համար։ 

Ալիևը շնորհավորել է Իսլամական համերաշխության խաղերի հիանալի կազմակերպման կապակցությամբ։

Զրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի բարեհաջող զարգացումը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ Թուրքիայի աջակցությունն է հայտնել՝ կապված Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ինչպես նաև ցավակցություն է հայտնել «շեհիդների» կապակցությամբ։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել աջակցության և ցավակցությունների համար։

Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցությանն առնչվող  հարցեր։