Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլի քաղաքապետը դատապարտվել է գրեթե 3 տարվա ազատազրկման. նա 2023թ. Թուրքիայի ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցն է

Ստամբուլի քաղաքապետը դատապարտվել է գրեթե 3 տարվա ազատազրկման. նա 2023թ. Թուրքիայի ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցն է
Տարածաշրջան
15:46, 15 декабрь 2022
Ստամբուլի դատարանը քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս 15 օրվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի անդամներին վիրավորելու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։

Եթե դատարանի վճիռը մտնի ուժի մեջ, քաղաքական գործչին կարգելեն զբաղեցնել պետական պաշտոն։ Սպասվում է, որ Իմամօղլուն կբողոքարկի դատավճիռը, գրում է Associated Press-ը։ 

Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրել այն բանից հետո, երբ նա 2019 թվականին «տխմարություն» է անվանել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկումը, որոնցում նա հաղթել էր։ Իմամօղլուն հերքել է, որ վիրավորել է ընտրական խորհրդի անդամներին, և պնդել է, որ այդ խոսքերով «պատասխանել է» ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որն իրեն «հիմար» է անվանել։

Դեկտեմբերի 14-ի կեսօրին դատավճռի հրապարակման ժամանակ Իմամօղլուի կոչով նրա կողմնակիցները սկսել են հավաքվել Ստամբուլի վարչակազմի շենքի մոտ։ Երեկոյան, ինչպես գրում է AP-ն, քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած ցույցին մասնակցել են հազարավոր մարդիկ, ովքեր, ի թիվս այլոց, պահանջել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի կառավարության հրաժարականը։ 

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ «խորապես մտահոգված և հիասթափված է» դատարանի որոշմամբ: «Այս անարդար դատավճիռը անհամատեղելի է մարդու իրավունքների հարգման, հիմնարար ազատությունների ու օրենքի գերակայության պահպանման հետ»,- ասել են գերատեսչությունում: