Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանը մեզ համար ավելի քան եղբայրական է՝ չնայած հիմա հարաբերությունների բարդ փուլ ենք ապրում». Պեսկով

«Հայաստանը մեզ համար ավելի քան եղբայրական է՝ չնայած հիմա հարաբերությունների բարդ փուլ ենք ապրում». Պեսկով
Ռուսաստան
10:55, 26 март 2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Երևանի իշխանությունները կցուցաբերեն անհրաժեշտ քաղաքական վճռականություն Ռուսաստանի հետ հարաբերությունները հետագայում ամրապնդելու համար՝ չնայած երկկողմ հարաբերություններում առկա դժվարություններին։ Այս մասին նա հայտարարել է «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում։ «Հուսով ենք, որ Երևանում կիշխի քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս բարդ փուլը»,- ասել է նա։

Պեսկովը նաև ընդգծել է, որ չնայած երկկողմ հարաբերությունների բարդ փուլին, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերի տնտեսական ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ մնում է զգալի՝ տարեկան կազմելով մի քանի միլիարդ դոլար։ «Հիմա մենք բավականին ոչ հասարակ փուլ ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում: Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, որովհետև այստեղ նույնիսկ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում»,- կրկնել է Պեսկովը ավելի վաղ հնչեցրած իր տվյալները։

Անդրադառնալով արտատարածաշրջանային ուժերի կողմից «կովկասյան տարածաշրջանի» նկատմամբ ուշադրությանը՝ Պեսկովը կարծիք է հայտնել, որ նրանց ներկայությունը պետք է սահմանափակվի, քանի որ դա չի նպաստում կայունությանն ու բարգավաճմանը։