Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանավորվել է սպանության մեղադրանքով հետախուզվող գյումրեցին, որը հաշվառված է եղել որպես 44-օրյա պատերազմում անհետ կորած

Կալանավորվել է սպանության մեղադրանքով հետախուզվող գյումրեցին, որը հաշվառված է եղել որպես 44-օրյա պատերազմում անհետ կորած
---
19:37, 25 декабрь 2021
Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները, ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 24-ին տեղեկություն են ստացել առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հավաստի տվյալների արագ իրացման շնորհիվ՝ հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերեցին ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման են ենթարկել Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի սեպտեմբերից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ իրենց որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու և անհետ կորել։
Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում, սակայն ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ փաստվել է, որ ոչ միայն նրա ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էին հայտնել համապատասխան մարմիններին, այլև սպանության մեղադրանքով հետախուզվողը բերվել է քրեական պատասխանատվության դաշտ։ Նախաքննությունը շարունակվում է։