Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը՝ 1915-ի իրադարձություններն անվանելով Ցեղասպանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը՝ 1915-ի իրադարձություններն անվանելով Ցեղասպանություն
---
20:15, 24 апрель 2021
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

ԱՄՆ նախագահի ուղերձում ասվում է․ «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ով զոհ գնաց Հայոց ցեղասպանությանը և կրկին պարտավորվում ենք կանխել նման ոճիրների կրկնությունը։ 1915թ․ ապրիլի 24-ից ի վեր, երբ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ մտավորականները, 1․5 մլն հայ սպանվեց և բռնագաղթի ենթարկվեց։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները չկորչեն պատմության հորձանուտում»,- ասվում է Բայդենի ուղերձում, որ հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Նշվում է, որ վերապրած հայերի մեծ մասը ստիպված էր նոր տուն և նոր կյանք որոնել ամբողջ աշխահով մեկ, այդ թվում՝ ԱՄՆ-ում։

«Լինելով տոկուն և ուժեղ՝ հայ ժողովուրդը վերապրեց և իր համայնքը ստեղծեց։ Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները հարստացրել են ԱՄՆ-ն բազում եղանակներով, սակայն, երբեք մոռացության չեն մատնել իրենց ողբերգական պատմությունը, որի հետևանքով նրանց նախնիներից շատերը հայտնվեցին Ամերիկայի ափերի մոտ։ Մենք հարգում ենք նրանց պատմությունը։ Մենք տեսնում ենք այդ ցավը։ Մենք սա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ նրա համար, որ դա երբեք չկրկնվի։

«Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագան՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Աշխարհ՝ զերծ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ մարդիկ կարող են արժանապատիվ ու ապահով կյանք վարել: Եկեք թարմացնենք մեր համատեղ վճռականությունը` կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք հասնենք ապաքինման և հաշտեցման աշխարհի բոլոր մարդկանց համար:

Ամերիկացի ժողովուրդը հիշում է բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են 106 տարի առաջ այսօր սկսած Ցեղասպանության ժամանակ»,- ասվում է ուղերձում:

Վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: