Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գոռ Ավետիսյանը և Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ծանոթացել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Գոռ Ավետիսյանը և Դավիթ Խուդաթյանը Արմավիրում ծանոթացել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Տնտեսություն
12:09, 07 март 2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզի շինարարական հրապարակներում՝ ծանոթանալով ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները շինտեղամասերում ներկայացրել են աշխատանքների ընթացիկ վիճակը։

Առաջին կանգառը Ծիածան բնակավայրում էր։ Այստեղ նորոգվում է Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ավտոճանապարհի 7.3կմ հատվածը։ Կապալառուի կողմից կատարվում են հողային աշխատանքներ‚ հանույթ‚ տեղադրվում է հարթեցնող շերտ։ Այս հատվածում նախատեսված է նաև կամրջի‚ արհեստական այլ կառույցների նորոգում‚ կկառուցվեն մայթեր‚ գյուղտեխնիկայի անցումներ‚ ճանապարհը երկշերտ ասֆալտապատումից հետո կկահավորվի անվտանգության տարրերով։

Տ-3-11 /Հ-15/ (Արմավիր գ.) – Նալբանդյան – Գետաշեն – Նոր Կեսարիա – /Մ-5/ ավտոճանապարհի կմ6+000-կմ10+000 հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է‚ այստեղ որոշ հատվածներում կատարվում են մայթերի սալիկապատման և այլ աշխատանքներ։

Հ-15, /Մ-5/ (Նորապատ) -Արգավանդ –/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջինից երրորդ կմ հատվածում այս պահին կատարվում են մայթերի կառուցման աշխատանքներ։ Ճանապարհին առկա են մի շարք կամուրջներ‚ որոնք նույնպես կնորոգվեն։ Շինարարը նշեց‚ որ որոշ տեղամասերում ճանապարհի երթևեկության մեծ ինտենսիվությունը որոշակիորեն խոչընդոտում է շինարարական աշխատանքներին։

Գոռ Ավետիսյանը և Դավիթ Խուդաթյանն իրենց նկատառումները ներկայացրին շինարարներին ու տեխհսկողներին։ Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենը շեշտեց‚ որ աշխատանքների ընթացքում խստագույնս պետք է առաջնորդվել շինարարական նորմերով‚ ցանկացած շեղում շիննորմերից ունենալու է համարժեք արձագանք։ Պարոն Ավետիսյանը կապալառուներին հանձնարարեց նաև աշխատանքների ընթացքում հետևել անվտանգության նորմերին‚ կատարել շինհրապարակների պատշաճ կահավորում։

Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը և Արմավիրի մարզպետը քննարկեցին նաև մարզով անցնող ճանապարհների ներկա վիճակը‚ առանձնացվեցին որոշ ճանապարհահատվածներ‚ որոնք նորոգման կարիք ունեն։