Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր հաշվարկներով՝ տարեկան մոտ 5 միլիարդ դրամ կորցնում ենք տարրական գործարքների վրա. ՊԵԿ նախագահ․ Տեսանյութ

«Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով երկու հիմնական և մի շարք տեխնիկական հարցեր ենք կարգավորում»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա նշեց, որ  բովանդակային հարցը հետևյալն է՝ էլեկտրոնային ծանուցումների համակարգն են զարգացնում, մասնավորապես, այսօր արգելադրման և գանձման որոշումների հետ կապված կայացված վարչական ակտերը ՊԵԿ-ը հարկ վճարողին ծանուցում է անձնական գրասենյակի միջոցով, և բաց է մնում  ամբողջ ստուգման ուսումնասիրության վարչարարության ընթացքը։  

«Այսինքն՝ սկսած հանձնարարագրերից, կասեցման որոշումներից, ստուգման ակտերի նախագծից, ստուգման ակտն ըստ էության թղթով  է տրվում հարկ վճարողին, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում։ Նախ չենք կարողանում խնայել  ամենակարևորը՝ ժամանակը, թե՛ տնտեսվարողի, թե՛ հարկային մարմնի, որպեսզի այդ պրոցեսն ավելի արագ ընթանա։ Երկրորդ՝ ֆինանսական ռեսուրսներ ենք ծախսում ծանուցումների վրա, թղթային ծանուցումների վրա, հետևաբար առաջարկում ենք, որպեսզի ստուգման ուսումնասիրության ամբողջ պրոցեսը, սկսած հանձնարարագիրը հարկ վճարողին հանձնելուց, վերջացրած ստուգման ակտը իրազեկելուց, ստուգման ակտի մասին ծանուցելուց, փոխանցվի հարկ վճարողի անձնական գրասենյակ տեղադրելու միջոցով, այսինքն՝ մենք խոսում ենք այնպիսի գրասենյակի մասին, որով հարկ վճարողն ամեն ամիս ներկայացնում է իր հաշվարկները հարկային մարմին»,- ասաց Ռուստամ Բադասյանը։  
Նա նշեց, որ համալիր հարկային ստուգումները հիմնված են ռիսկերի համակարգի վրա, և այդ ռիսկի չափանիշները հստակ կանոնակարգված են կառավարության որոշմամբ, թե որ ուղղություններով են, և հիմնականում թիրախավորում են այնպիսի տնտեսվարողների, որոնց մոտ  ռիսկի հավանականությունն ավելի  շատ է, այսինքն՝ խոշոր հարկ վճարողների։

«Պարբերականություններ են սահմանվում, և ստացվում է այնպես, որ իմ նկարագրած դեպքերում հարկային պարտավորությունը, եթե հարկ վճարողը սեփական կամքով չի հայտարարագրում, առաջադրելու մեխանիզմ չկա։ Եվ երկրորդ հանգամանքը՝ եթե  չորս միլիոնից ավելի նվազ է այդ գումարը, այսինքն՝ չի ուղարկվում նաև հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, արդյունքում, մեր հաշվարկներով, տարեկան մոտ 5 միլիարդ դրամ մենք կորցնում ենք տարրական գործարքների վրա»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում: