Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհված զինծառայողի մասին մտածողը զոհվածի մարմնի լուսանկարները կնետի՞ գետնին. զոհվածների մայրերը վրդովված են ընդդիմադիր պատգամավորների քայլից

Զոհված զինծառայողի մասին մտածողը զոհվածի մարմնի լուսանկարները կնետի՞ գետնին. զոհվածների մայրերը վրդովված են ընդդիմադիր պատգամավորների քայլից
Տնտեսություն
21:24, 09 июнь 2022
«Ծանր տեսարան էր ինձ համար: Պետք է ամենամեծ պատժին արժանանան՝ մեր տղաների մասունքները գետնին նետելու համար: Զոհված զինծառայողի մասին մտածողը զոհվածի մարմնի լուսանկարները կնետի՞ գետնին:

Անդրադառնալով երեկ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի առողջապահության նախարարի աշխատասենյակ ներխուժելուն և զոհված զինծառայողների մասունքների լուսանկարները գետնին նետելուն՝ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գոռ Մելքոնյանի մայրը՝ Լիլյա Բադալյանը: 

«Չգիտեմ՝ դրանով ինչ էին ուզում ասել, բայց եթե իրենց թվում է՝ զոհված երեխու նկարը շպրտելուց հետո մենք պետք է իրենց կողքը կանգնենք, չարաչար սխալվում են: Ո՞նց կարող ես դու այդպես վարվել, անարգել այն տղաների հիշատակը, ովքեր նաև քեզ համար են զոհվել, որ դու այսօր կարողանաս ապրել քո երկրում»,- ցավը սրտում՝ ասում է որդեկորույս մայրը:

Տիկին Լիլյայի խոսքով՝ հայ ժողովրդի և Արցախի մասին մտածող որևէ անձ երբեք նման քայլի չէր գնա:

«Իրենց կռիվը չգիտեմ՝ ո՞րն է, մի՞թե չեն մտածել, թե ինչ կզգան զոհված զինվորների մայրերը, առավել ևս՝ այդ լուսանկարների տղաների ծնողները ինչ վիճակում կարող են հայտնվել դրանից հետո: Այդ կանայք գիտե՞ն՝ ինչպես են ապրում պատերազմում որդի կորցրած մարդիկ: Իրենք իրենց դեմքն են ցույց տալիս, ցույց են տալիս, թե ինչ են ուզում անել ընդհանրապես: Իրենց դեմքը նաև իրենց հարստությունն է ցույց տալիս»,- ասում զոհվածի մայրը:

Պատգամավորների երեկվա գործողությունների տեսանյութը տեսել է նաև որդեկորույս Նազիկ Գրիգորյանը: Նա մեզ հետ զրույցում նշում է՝ ցավալի է, որ աթոռի համար որոշ անձինք անցնում են բարոյականության բոլոր սահմանները:

«Որդեկորույս ծնողներով այս հարցը քննարկել ենք, բոլորս էլ վիրավորված ենք ու չենք կարողանում հաշտվել նրա հետ, ինչ տեսել են: Մեր երեխեքը նաև հանուն իրենց են զոհվել ու հիմա նման վերաբերմունքի են արժանանում: Նման քայլի գնացողները թափթփուկներ են: Մեր տները քանդվել են, մեզ մամա ասող այլևս չկա, բայց իրենք են չարացել բոլորի հանդեպ ու ինչ քայլի ասես՝ պատրաստ են գնալ»,- ասում է որդեկորույս մայրը:
Տիկին Նազիկի խոսքով՝ պատգամավորները չեն կարող պատկերացնել զավակ կորցրած ծնողի ցավը, հատկապես երբ այդ ծնողը տեսնի՝ ինչպես են իր երեխայի մասունքների լուսանկարները գետնին շպրտվում:

«Ես չեմ մասնակցում այդ հանրահավաքներին, որովհետև ինչ էլ անեն, մեր տղաներին հետ չեն բերելու: Մի քանի դաշնակներով դուրս են եկել աթոռի կիվ են անում ու օգտագործում ամեն սուրբ բան իրենց կեղտոտ նպատակների համար: Նման սթրեսային երևույթները մեր առողջության վրա շատ վատ են անդրադառնում: Ախր, չեն պատկերացնում՝ ինչքան են ցավեցնում նման քայլով որդեկորույս ծնողին»,- նշում է զոհվածի մայրը:
44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինա Ռաֆայելյանը ևս նշում է, որ այդ տեսանյութը զավակ կորցրած ծնողի համար շատ ցավալի է և բացասական ազդեցություն կարող է ունենալ:

«Մենք մեր ամենաթանկ ենք տվել, որ իրենց հետ այդպես վարվե՞ն: Ո՞նց կարող ես գրպանիցդ հանես ու շպրտես զոհված երեխեքի մասունքները: Այդ անողները պետք է իրենց վրա զգան, ապրեն այդ ցավը, որ հասկանան նման քայլի արժե՞ գնալ: Ցույցերին նաև զոհված երեխեքի որոշ ծնողներն էլ են մասնակցում, իրենք ո՞նց են այդքանից հետո քայլելու այդ անձանց կողքով»,- ասում է որդուն հայրենիքին նվիրած մայրը:
Նշենք, որ ՀՀ առողջապահական գերատեսչությունը դիմել է ՀՀ Ազգային ժողով՝ քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը: