Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհի 400 լավագույն բուհեր ավարտածները հայաստանյան ընկերություններում եւ բուհերում աշխատանքի անցնելու դեպքում Կառավարությունից կստանան իրենց աշխատավարձի 50-75%-ի չափով աջակցություն․ փոխնախարար

Կառավարությունը վերջին նիստի ընթացքում հավանության արժանացրեց ծրագիր, որով որոշվեց ընդլայնել տնտեսության արդիականացման գործընթացը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրեց, թե ինչպե՞ս է դա պատկերացնում Կառավարությունը։

«Տնտեսության արտադրողականության բարձրացման համար պլանավորում ենք անել 3 հիմնական աշխատանք։ Առաջինն ուղղված է տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածության վերազինմանը գործարարների շրջանում։ Երկրորդ միջոցառումը բարձր որակավորում ունեցող մասնագետների ներհոսք ապահովելուն է ուղղված, իսկ երրորդը՝ ընկերությունների բիզնես գործընթացների թվայնացումն ու օպտիմալացումը», - ասաց Ռաֆայել Գևոերգյանը։

Նախարարի տեղակալն ասաց, որ եթե ընկերությունները պատրաստ կլինեն գնել մեքենասարքավորումներ, որոնք կլինեն նոր, Կառավարությունը պատրաստ կլինի սուբսիդավորել նման սարքավորումների համար տրվող տոկոսային ծախսը բանկերում։ Գևորգյանը նաև օրինակ բերեց․ եթե օրինակ որևէ ընկերություն որոշել է գնել 1 մլն դոլար արժողությամբ որոշակի հոսքագիծ, պետք է մոտենա բան, պայմանագիր կնքի և պետությունը կսուբսիդավորի տոկոսների զգալի մասը՝ 3-4 տարիների ընթացքում։ Այդ ծրագիրը այսօր էլ գործող ծրագիր է։

Ներկայիս դրությամբ, ըստ նախարարի տեղակալի, կա 200-ից ավելի կնքված գործարք և 11 միլիարդ դրամից ավել տեղաբաշխում, որոնց համար տոկոսներն արդեն իսկ սուբսիդավորվում են Կառավարության կողմից։

«Մեր կարծիքով այս ծրագիրը պետք է շատ ավելի մեծ թափ ստանա, քանի որ առավելագույն սահմանաչափը սարքավորումների ձեռքբերման համար մեկ գործարքի գծով դրված է մինչև 10 մլրդ դրամը, ինչը լայն հնարավորություն է տալիս տեխնիկական պարկը թարմացնելու համար», - նշեց Գևորգյանը։

Անդրադառնալով երկրորդ բաղադրիչին՝ մասնագետների ներգրավմանը, Գևորգյանն ասաց․ «Այն նոր ենք ներդնում, որը որոշակի ժամանակ կպահանջի։ Այս միջոցառման իմաստով բարձր որակավորում ունեցող մասնագետների շրջանակի նույնականացման համար դիտարկում ենք երկու հիմնական կրիտերիա՝ մասնագիտական փորձ․  որաշակի ցանկերում ընդգրկված ընկերություններում 10 տարուց ավելի մասնագիտական փորձ ունենալու դեպքում, եթե էդ մասնագետները որոշեն գալ և Հայաստանում աշխատել, ապա Կառավարությունը կվերադարձնի իրենց աշխատավարձի 20 տոկոսի չափով գումար։ Կա նաև առավելագույն սահմանաչափ՝ Կառավարության կողմից կվերադարձվի ոչ ավելի, քան 1 մլն դրամ ամսական կտրվածքով։ Երկրորդ չափորոշիչը կրթականն է, այսինքն այն մարդիկ, որոնք կունենան 400 լավագույն բուհերից կրթական աստիճան, նույն տրամաբանությամբ կստանան աջակցություն։ Այդ մասնագետները պետք է նաև  նախորդ 30 ամսվանից առնվազն 12-ը անցկացրած լինեն արտասահմանում։ Այսինքն՝ խոսքը վերջերս Հայաստան եկած կամ ապագայում Հայաստան եկող մասնագետների մասին է։ Այդ 400 բուհերում դոկտորական աստիճան ունեցող մարդիկ կստանան 50 տոկոսի չափով աջակցություն Կառավարության կողմից, որը, սակայն ամսական կտրվածքով չպետք է գերազանցի 1,5 մլն դրամը։  Դոկտորական թեկնածուները՝ PHD-ները, եթե որոշեն դասավանդել մեր բուհերում, ապա կստանան բուհերում ստացած աշխատավարձի 75 տոկոսի չափով ետվերադարձ Կառավարության կողմից», - ասաց Գևորգյանը։ 

Նախարարի տեղակալը նաև ասաց, որ բյուջեն չեն սահմանափակելու, փորձելու են բավարարել ողջ պահանջարկը։

Մանրամասն՝ տեսանյութում