Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրենսդրական նախաձեռնությամբ ներկրվող ցեմենտի տուրքը կսահմանվի 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի

Օրենսդրական նախաձեռնությամբ ներկրվող ցեմենտի տուրքը կսահմանվի 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի
Տնտեսություն
18:04, 03 октябрь 2022
Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ Էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9.000 դրամ՝ նախկին 14.000-ի փոխարեն, այլ՝ 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի արտահերթ նիստում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է ցեմենտի տեղական արտադրության պաշտպանությանը, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը:
Ըստ հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի՝ փոփոխվել է նաեւ օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Այն կյանքի կկոչվի հրապարակման հաջորդ օրվանից:
Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես անդրադարձել է ցեմենտի շուկայի խնդիրներին, տեղեկացրել, որ հարեւան երկրներում ցեմենտն ավելի էժան գնով է իրացվում: Նրա հավաստմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունն առաջ է շարժվում՝ հաշվի առնելով բալանսավորված շահը:
Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից: