Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսվում է թեթեւացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը

Նախատեսվում է թեթեւացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը
Հայաստան
22:22, 17 май 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված, ինչը չի կարող չանդրադառնալ գործերի քննության որակի վրա. հայտնել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը մշակվել է Հակակոռուպցիոն կոմիտեում առկա գործերի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, այն կառավարելի դարձնելու միջոցով կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների նախաքննությունը պատշաճ եւ որակով իրականացնելու նպատակով: «Ըստ էության` Հակակոռուպցիոն կոմիտեին թողնվելու են պաշտոնատար անձանց կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունները, իսկ մասնավոր գործերը փոխացվելու են այլ մարմինների, մասնավորապես, Քննչական կոմիտեին»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են գործող օրենսգրքին: Նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու առաջիկա հուլիսի 1-ից:
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն ԱԺ առաջիկա հերթական նիստերում կքննարկվի հատուկ ընթացակարգով. երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի եւ Հայկ Ցիրունյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
 Նշվել է, որ այն հնարավորություն կտա գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու (ինչպես գործող օրենսդրությամբ), այլ նաեւ բնակելի տների դեպքում:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծի քննարկումը: