Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թ. կվերապատրաստվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 96 ծառայող

2022 թ. կվերապատրաստվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 96 ծառայող
Հայաստան
16:40, 03 ноябрь 2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2022թ. բյուջետային նախագիծը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Հակակոռուպցիոն կոմիտեն նոր է ստեղծվել, այդ պատճառով գալիք տարվա բյուջեն դեռեւս մշակման փուլում է: Սասուն Խաչատրյանը ներկայացրել է նախագծի նախնական տարբերակը:

Կառույցն իրականացնելու է «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ քննության ապահովում բյուջետային» ծրագիրը: Իրականացման համար կուղղվի 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ: Ծրագիրը բաղկացած է երեք միջոցառումից:

«Քրեական վարույթի իրականացում» միջոցառման անցկացման համար կտրամադրվի 2 մլրդ 336 մլն դրամ:

«Վերապատրաստման եւ հատուկ ուսուցման կազմակերպում»  միջոցառման իրականացումը նախատեսված է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով: Կվերապատրաստվի կոմիտեի 96 ծառայող, ծախսը կկազմի 12,6 մլն դրամ: Միջազգային գործընկեր կազմակերպությունների միջոցների հաշվին եւս կլինեն վերապատրաստումներ:

Երրորդ միջոցառումը Հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդն է. այն կկազմի 30,3 մլն դրամ:

Ըստ կանխատեսումների՝ 2022 թ. նախատեսվում է քննել մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ: Նախատեսվում է գործարկել նաեւ տարածքային ստորաբաժանումները: