Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2 տարվա մեջ փոխել ենք 520 վերելակ, շուտով կփոխարինվի ևս 54-ը․ Երևանի քաղաքապետ

2 տարվա մեջ փոխել ենք 520 վերելակ, շուտով կփոխարինվի ևս 54-ը․ Երևանի քաղաքապետ
Տնտեսություն
15:00, 25 май 2021
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը այսօր ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց Երևան քաղաքի 2021թ․ բյուջեում նախատեսվող փոփոխությունները, ըստ որի՝ սուբվենցիաները և պետության կողմից Երևանի քաղաքապետի պատվիրակած լիազորությունների կատարման բյուջեն առաջարկվում է նվազեցնել 3,9 մլրդ դրամով։ Այդ նվազեցումը կարտացոլվի Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում։ 

«Նախագծով առաջարկվում է նաև 520 մլն դրամ ավելացնել աղբահանության և սանիտարական մաքրում ծրագրի տրանսպորտային սարքավորումների բյուջեն, որով ձեռք կբերվի 8 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային տեխնիկա, որի շնորհիվ բյուջեում տարեկան կտրվածքով 50-80 մլն դրամ խնայողություն կիրականացնենք։ Առաջարկվում է նաև Երևան համայնքի 2021թ․ պահուստային ֆոնդից վերաբաշխել 926 մլն 129 հազար 600 դրամ պարգևատրումների ֆոնդ, որով աշխատակազմին եռամսյակային սկզբունքով պարգևատրման հնարավորություն կլինի»,-ասաց Սերգեյ Ներսեսյանը։  

Երևանի ավագանու անդամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արմեն Ներսիսյանն էլ ընդգծեց, որ ինքը բազմաթիվ նամակներ է ստանում քաղաքացիներից բակերի վերանորոգման ու խաղահրապարակների կառուցման ու ասֆալտապատման խնդրանքներով․ «Ես այս հարցերով 2,5 տարի դիմել եմ քաղաքապետարնին ու ստացել լղոզված պատասխաններ։ Միլիարդավոր փողեր եք ծախսում անխնա կերպով։ Պարոն քաղաքապետ վերցրեք վարկեր՝ 50-100մլն դոլար և քաղաքացիների հարցերին լուծում տվեք»։ 

Քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքելով ավագանու անդամի խոսքին՝ օրինակ բերեց․ «Երևանում կա 3500 վերելակ, որը պետք է փոխարինվի, այսինքն այդ վերելակները բոլորը 40 տարեկանից բարձր են և վտանգ են ներկայացնում բնակչության կյանիքն։ Այս երկու տարվա մեջ փոխել ենք 520 վերելակ, շուտով կփոխարինվի ևս 54-ը։ Հիշեցնեմ, որ 28 տարվա մեջ փոխարինվել էր 35 վերելակ, իսկ 2,5 տարվա մեջ 520 վերելակ։ Ամեն մի վերելակը մի մուտք է, այսինքն 2945 մուտքի ժողովուրդի դիմումները, որոնք ուզում էին իրենց վերելակները փոխենք այս պահին մերժվել են, որովհետև մենք ծախսել ենք 5,2 մլրդ վերելակները փոխարինելու համար»։ 

Հայկ Մարությանը շեշտեց, որ լավ է, երբ փաստում են, որ միլիարդներ են ծախսվում, քանի որ նրա խոսքով՝ դրանք նպատակային ծառայում են․ «Եթե մենք ունենայինք ամբողջ գումարը, բոլորը միանգամից կփոխեինք։ Ես այս օրինակը բերեցի թե ինչու չի բավարարվում բոլորի ցանկությունները միանգամից»։