Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու հարցը․ Տեսանյութ

ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու հարցը․ Տեսանյութ
Իրավունք
16:15, 15 июль 2021
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ  Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով միջնորդությունը, նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական  ծառայության  պետ Դավիթ Գասպարյանի 2021 թվականի  ապրիլի 8-ին ներկայացված զեկուցագրի հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում պարզվել է, որ վերջինիս կողմից դիտավորությամբ կամ առնվազն կոպիտ անփութությամբ, թույլ են տրվել ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 142-րդ  հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով  սահմանված, օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին, 4-րդ և 7-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտումներ, դատական իշխանությունը վարկաբեկող և վերջինիս անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելով։ Բացի դա մեկ այլ դատավորի կողմից  արդարադատության իրականացմանը միջամտելուց զերծ չմնալով, ինչպես նաև դատարանում քննվող և ակնկալվող  գործի վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց զերծ չմնալով։ 

Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ 2021 թվականի մարտի 30-ին «armdaily» լրատվական կայքում հրապարակվել է Դավիթ Գրիգորյանի
հարցազրույցը, որում մասնավորապես տեղ են գտել հետևյալ ձևակերպումները․ 
«Անդրադառանալով մեղադարանքի վերաորակման հնարավորությանը նա նշեց, որ մեղադրանքը վերաորակում են, երբ մեղադրանքն առկա է քրեական դատավարության  309․1 հոդվածի սահմանված հիմքով։  Բայց այս դեպքում, երբ Քրեական օրենսգրքի  300․1 հովածը ճանաչվել է հակասահմանադրական, դա նշանակում է, որ տվյալ պայմաններում մեղադրանք գոյություն չունի, իսկ եթե մեղադրանք գոյություն չունի, վերաորակման մասին խոսելն ավելորդ է։ Պատկերացրեք, որ հիմա ինչ-որ մեկին մեղադրեն չգործող հոդվածներից ինչ-որ մեկով, հետո փորձեն այդ մեղադրանքը  վերաորակեն, եթե  չգործող հոդվածով մեղադրանք են առաջադրում դա չեղա՞վ, որ այդ մեղադրանքի համար հոդված գոյություն չունի, դրանք փոխկապակցված են միմյանց հետ, անձին պետք է քրեական օրենսգրքին համապատասխան հոդվածով մեղադրանք առաջադրվի, եթե այդ հոդվածը գոյություն չունի, ուրեմն մեղադրանք էլ չի կարող գոյություն ունենալ, այս պայմաններում մեղադրանքի փոփոխման մասին խոսելն ավելորդ է, որովհետև մեղադրանք այլևս գոյություն չունի, որովհետև մեղադրանքի հիմքում ընկած  Քրեական օրենսգրքի հոդվածը գոյություն չունի»։

Ներկայացնելով նաև հարցազրույցից մեկ այլ հոդված, Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ պատասխանելով այլ դատավորի վարույթում գտնվող գործի կարճման վերաբերյալ լրագրողի  ուղղակի հարցապնդմանը Դավիթ Գրիգորյանն ասում է․
«Այս հարցին, ես չեմ պատասխանի, որովհետև կստացվի, որ ես անուղղակիորեն միջամտելու եմ այսօր մեկ այլ դատավորի  վարույթում գտնվող քրեական  գործին»։

Այնուհետև Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանի կողմից 2021 թվականի ապրիլի  8-ին զեկուցագիր է ներկայացվել  ԶԼՄ-ի հրապարակման ուսումնասիրության արդյունքում դատավորի կողմից առերևույթ կարգապահական խախտումներ կատարելու դեպքի բացահայտման վերաբերյալ, ինչի հիման վրա ԶԼՄ-ի հրապարակման առթիվ 2021 թվականի  ապրիլի 16-ին  հարուցվել է կարգապահական վարույթ։  

Վերջինս վերոգրյալի հիման վրա միջնորդեց Դավիթ Գրիգորյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։

Միջնորդությունից հետո Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հարց ուղղեց Քրիստինե Գրիգորյանին, թե ունի՞ արդյոք այդ հարցազրույցի ձայնագրությունը և համոզվա՞ծ է, որ այդ արտահայտությունները հնչեցրել է  Դավիթ Գրիգորյանը, դրան ի պատասխան Գրիգորյանն ասաց, որ ձայնագրություն չունեն, բայց ենթադրվում է, որ եթե Դավիթ Գրիգորյանը համաձայն չլիներ հարցազրույցում տեղ գտած մտքերի հետ, ապա նա պետք է գոնե հանդես գար հերքման պահանջով, կամ ժխտեր հարցազրույցում տեղ գտած մտքերը, որոնք վերագրվում են իրեն։

Սիրանուշ Սահակյանը նաև հարցրեց, թե նախարարի տեղակալը հավաստիացե՞լ է, որ հրապարակումն օրինական է, որ  և՛  լրագրողը, և՛ պարոն Գրիգորյանը ոչ թե խոհրդակցական կերպով  է տեսակետ արտահայտել, այլ  իրազեկված  եղել, որ տեսակետը ենթակա է եղել հրապարակման։

Ի պատասխան Քրիստինե Գրիգորյանն ասաց․ «Ինձ համար այդքան էլ պարզ չէ՝ խորհրդակցական կարգով  որևէ լրագրողի տեսակետ հայտնելու այն քրեական գործի վերաբերյալ, որի մասով  դատավորը իր վարքագծի կանոններով պայմանավորված  իրավունք չունի կարծիք արտահայտել՝ հրապարակային կերպով, իսկ լրագրողին արտահայտած կարծիքը ողջամտորեն ակնկալվում է, որ դա հրապարկվելու է։ Այս առումով պիտի ասեմ, որ մեր  դիրքորոշումը եղել է  այն, որ դատավորի կողմից առնվազն պետք է ներկայացվեր հերքում կամ ժխտվեր, որ դրանք արտահայտվել են իր իսկ կողմից»։