Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց․ դատարանը բավարարեց կալանքի միջնորդությունը

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց․ դատարանը բավարարեց կալանքի միջնորդությունը
Իրավունք
12:55, 22 июль 2021
Քիչ առաջ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Խաչատուր Սուքիասյանի եղբայր՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա կալանավորվեց 2 ամսով։ Նման միջնորդությամբ հանդես է եկել գործը քննող մարմինը՝ Քննչական կոմիտեն։ Դատարանը իրավաչափ համարեց նաև նրա ձերբակալությունը։ 

Պատշտապանական կողմը պատրատվում է բողոքարկել կալանքի որոշումը։ Մեզ հետ զրույցում Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը նշեց, որ Սուքիասյանը խոստովանում է, որ հրազեն կիրառել է, սակայն նրա արարքում հանցակազմ չկա, քանի որ դա ինքնապաշտպանություն է եղել։ Վերջինս պատահաբար է հայտնվել դեպքի վայրում և տեղի ունեցածը ինքնապաշտպանություն է, քանի որ  մինչ այդ գործով տուժողը վիճաբանության ժամանակ դանակահարել է Ռոբերտ Սուքիասյանի մտերիմին։ 

Անդրադառնալով կալանքի միջնորդության հիմնավորումներին, պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրող կողմի հիմնավորումն այն է, որ Ռոբերտ Սուքիասյանը կարող է խոչընդոտել և ազդել գործի քննության վրա, ինչի հետ պաշտպանական կողմը համամիտ չէ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել էր հուլիսի 19-ին Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ըստ ՔԿ-ի՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ։ Նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։