Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ որոշումների տրամաբանությանը հետևելով՝ կարելի է ասել, որ Մարտի 1-ի գործով Վճռաբեկ դատարանի բողոքը ՍԴ-ն վարույթ չի ընդունի․ Տիգրան Եգորյան

ՍԴ որոշումների տրամաբանությանը հետևելով՝ կարելի է ասել, որ Մարտի 1-ի գործով Վճռաբեկ դատարանի բողոքը ՍԴ-ն վարույթ չի ընդունի․ Տիգրան Եգորյան
Իրավունք
22:00, 01 март 2024
2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունների գործից անջատված մասով, որով մեղադրյալի աթոռին էին հայտնվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին ենթականեր Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու Արմեն Գևորգյանը, Վճռաբեկ դատարանը գանգատ է ուղարկել Սահմանադրական դատարան, այն բանից հետո, երբ 2021-ին ՍԴ-ն քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, ու ամբաստանյալներն, ըստ էության, արդարացվեցին։

Վճռաբեկը Սահմանադրական դատարանին միջնորդել է որոշել 1998 թվականին ընդունված և այժմ մասնակիորեն գործող քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Ըստ դատախազության՝ այդ օրենսգիրքը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին ՍԴ-ն քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը՝ (սահմանադրական կարգը տապալել) ճանաչեց Սահմանադրությանը հակասող, որով անցնում էին Ռոբերտ Քոչարյանն ու ենթակաները։

Դատախազության պնդմամբ՝ քրեական դատավարության օրենսգրքում առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի՝ այդ թվում սոցիալական արդարության վերականգնման իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտ։ Գրեթե նույն այդ հիմքով էր 2021 թվականին արդեն նախկին դատախազ Արթուր Դավթյանը դիմել բարձր դատարանին։ ՍԴ-ն, սակայն, մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը։ Կընդունի՞ ՍԴ-ն վճռաբեկ դատարանի գանգատը վարույթ, թե՞ ոչ, եթե նախկին գլխավոր դատախազի և այժմ էլ Վճռաբեկ դատարանի ներկայացրած հիմքերը գրեթե նույնն են։

Փաստաբան Տիգրան Եգորյանը, որը մարտի 1-ի 10 զոհերից 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչն է ասում է, որ դատախազությունը չի իրականացրել իր լիազորությնները՝ պետք է մեղադրանք ներկայացներ իր կողմից վերաբերելի հանցակազմի որակմամբ։ Փոխարենը՝ ժամանակին դիմել են ՍԴ-ին և հարցրել՝ կարո՞ղ են մեղադրանք բերել, թե՞ ոչ։ Միաժամանակ՝ նույն էության մեջ միջնորդություն են ներկայացրել դատարան, ապա բողոքարկել որոշումները՝ հասնելով վճռաբեկ դատարան: Այժմ էլ Վճռաբեկ դատարանն է ըստ էության նույն հարցով դիմում ՍԴ:

«Եթե դատախազությունը համարում է, որ այլ հոդվածի շրջանակում իրավական գնահատական կա՝ պետք է բերի դատարան և դատարանը քննի դա։ Փոխարենը՝ դատախազությունը ոչ թե դատարան է բերել  այդ մեղադրանքը, այլ դատարանին հարցրել է՝ կլինի՞ բերեմ մեղադրանք, թե՞ ոչ», - ասաց Տիգրան Եգորյանը։

Որից հետո ՍԴ-ն մերժման որոշում է կայացրել՝ պարզաբանելով, որ օրենքը նախ պետք է կիրառվի, մեկնաբանվի։ Ըստ Եգորյանի, եթե դատախազությունը գտնում է, որ այս կամ այն գործողությունը իրավաչափ է և անհրաժեշտ է կատարել, պետք է կատարեր, որից հետո միայն դատարանը որոշում է՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ։  

Փաստաբանի պնդմամբ և՛ 1998 թվականի, և՛ այսօր գործող քրեական դատավարության օրենսգիրքը՝ իր համապատասխան դրույթներով, համապատասխան մարմինների կողմից պետք է նախ կիրառվի։ «Այսինքն՝ դատախազությունը պետք է մեկնաբանի, կիրառի, հետո դատարանը պետք է մեկնաբանի, կիրառի՝ նոր առաջանա կամ ոչ Սահմանադրականության հարց և ՍԴ-ն որոշի՝ ճի՞շտ է, թե ճիշտ չէ։ 

ՍԴ-ն՝ 300․1 հոդվածը սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո, բազմիցս իր որոշումներով արձանագրել է, որ իրավասու մարմիննե՛րը նախ պետք է մեկնաբանեն, նոր սահմանադրականության հարցերով դիմում ներկայացվի ՍԴ։ Արդեն մի քանի որոշումներում ՍԴ-ն այս դիրքորոշումը կայուն արտահայտում է», - ասաց Տիգրան Եգորյանը և ավելացրեց, որ նույնը, ինչ ժամանակին արել է դատախազությունը, անում է վճռաբեկ դատարանը։

«Չի ուզում մեկնաբանի, դրա համար ուղարկել է Սահմանարդական դատարան», - նշեց Եգորյանն ու կարծիք հայտնեց, որ, ըստ էության, Սահմանադրությամբ, դատավարության օրենսգրքով և դատական օրենսգրքով սահմանված իրենց գործառույթը Վճռաբեկ դատարանը իրականացնելուց հրաժարվել է։ 
 
Ըստ փաստաբանի, եթե հետևենք Սահմանադրական դատարանի որոշումների տրամաբանությանը, ապա այս դիմումը ևս ՍԴ-ն վարույթ չի ընդունի, կմերժի, քանի որ այդ հարցի վերաբերյալ կայուն պրակտիկա է ձևավորել՝ պահանջելով դատարաններից նախ կիրառել, մեկնաբանել օրենքը։ 

Վովա Հակոբյան