Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժել է Ալավերդիի նախկին համայնքապետի հայցն ու վճռել է գործող համայնքապետի օգտին գումար բռնագանձել

Դատարանը մերժել է Ալավերդիի նախկին համայնքապետի հայցն ու վճռել է գործող համայնքապետի օգտին գումար բռնագանձել
Իրավունք
16:11, 15 март 2024
ՀՀ Վարչական դատարանը մերժել է Ալավերդի համայնքի նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի հայցն ընդդեմ Ալավերդիի ավագանու և երրորդ անձ՝ գործող համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնող Դավիթ Ղումաշյանի։ Արդեն հայտնել ենք, որ Թամազյանը դատարանից պահանջում էր անվավեր համարել ավագանու՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին կայացած  նիստում ընդունված որոշումը, որով ավագանին անվստահություն հայտնեց գործող համայնքապետ Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ ընտրեց Դավիթ Ղումաշյանին։ Դատարանը վճիռը կայացրել է մարտի 11-ին։ Civic.am-ը տեղեկացավ, որ դատարանը վճռել է Արկադի Թամազյանից հօգուտ Դավիթ Ղումաշյանի բռնագանձել 50 հազար դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցում։  Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց և նախքան այդ ժամկետը կարող է բողոքարկվել  վերաքննության կարգով։ 

Նշենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնում ամեն գնով վերականգնվել փորձող Արկադի Թամազյանը կայքերից մեկի հետ զրույցում, անդրադառնալով դատարանի վճռին, նշել է, թե «ՀՀ-ում արդարադատություն չկա, ինչ որ լինելու էր, եղավ»։ Նա նաև հավելել է, թե պատրաստվում են «այս անգամ էլ դիմել Վերաքննիչ դատարան, որից հետո կհասկանանք մեր հաջորդ անելիքները»։

Հարցին, թե այս պահին ինչո՞վ եք զբաղվում, նախկին ՀՀԿ-ական, հետո  «Ապրելու երկիր» կուսակցությանն անդամագրված, այժմ այդ կուսակցության  քաղխորհրդի անդամ Թամազյանը պատասխանել է. «Սպասում ենք դատական պրոցեսին։ Ինքս պատրաստվում եմ իմ ներդրումն ունենալ մեր պետությունն այս իրավիճակից դուրս բերելու գործընթացներում»։

Հիշեցնենք, որ նախկինում Ճոճկան, Ախթալա համայնքների ղեկավար աշխատած ու մեկ տասնյակից ավելի անշարժ գույք ունեցող Թամազյանը դատարան ներկայացված իր միջնորդության մեջ, ի թիվս այլ  հիմնավորումների,  մատնանշել էր, թե  «ներկայումս ապօրինի կերպով զրկվելով իր՝ որպես Ալավերդի համայնքի ղեկավարի պարտականությունները կատարելու իրավական հնարավորությունից, զրկվել է իր միակ ապրուստի միջոցից՝ որպես համայնքի ղեկավար ստացվող վարձատրությունից՝ հայտնվելով ծանր ֆինանսական վիճակում»։ 

Նշենք, որ այսօր Ալավերդիի ավագանին թիվ 4 հերթական նիստն է հրավիրել, որի օրակարգում 10 հարց է։