Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա հստակ «մեսիջ» է. ԱԺ նախագահին մահափորձի ենթարկածները ազատության մեջ են. Եղոյան

Սա հստակ «մեսիջ» է. ԱԺ նախագահին մահափորձի ենթարկածները ազատության մեջ են. Եղոյան
Իրավունք
13:40, 04 март 2021
«Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը իր ելույթում անդրադարձավ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի կոչին, որտեղ վերջինս, կոչով դիմելով դատավորներին, ասել էր, որ եկել է ժամանակը ցույց տալու, թե իրենք վնգստացող դատավորներ են, թե՞ հայրենիքի նվիրյալ պրոֆեսիոնալներ։

Արման Եղոյանը օրինակ բերեց դատախազությանը ու քննչական մարմիններին․ «Պատկերացրեք մի օրինակ, որ ԲԴԽ նախագահը, ով էլ որ նա լինի, մի օր հայտարարում է, որ կան ոչ բարեխիղճ դատախազներ, ոչ բարեխիղճ քննիչներ, ովքեր նվնվում են նախկին իշխանության ներկայացուցիչների դռների տակ։ Այնուհետև մեկ տարի անց այլ իրավիճակում որևէ դրդապատճառով կամ պատրվակով մի խումբ ջարդարարներ մտնում են ԲԴԽ շենք, ջարդում են շենքը, դուրս են բերում ԲԴԽ նախագահին, ծեծում են, հասցնում են մահվան, ապա՝ թողնում-գնում։ Եղոյանը նկարագրելով իրավիճակը ավելացրեց․ «Պատկերացրեք, որ դրանից հետո Գլխավոր դատախազը կամ քննչական մարմիններից մեկի ղեկավարը ասի՝ այ, օրը եկել է, մենք հիմա պետք է ապացուցենք՝ մենք նվնվացող դատախազնե՞ր ենք, թե՞ մեր հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Եղոյանը զարմանքով հարցրեց, թե չգիտի՝ ի՞նչ տպավորություն կստանա այս հայտարարությունից որևէ առողջ տրամաբանող մարդ։ «Որևէ մեկը հույս կունենա՞, որ այդ գործը արդար կքննվի։ Ես չգիտեմ ինչ կլինի։ Դա կդատապարտվի բոլոր դատավորների կողմից, ԱԺ-ի կողմից։ Չի կարող նման բան լինել, դա աբսուրդի ժանրից է», - ասաց Արման Եղոյանը։

Դա, ըստ Եղոյանի, կլինի հաշվեհարդար, կոչ, ուղղված ենթականերին, որ դրանք այն մարդիկ էին, ովքեր մեզ վիրավորել էին և պետք է ապացուցենք, որ նվնվացող չենք։

Ըստ Եղոյանի ԲԴԽ նախագահը հարմար առիթի է սպասել, որպեսզի մի օր հանի վարչապետի հայտարարությունը և դնի վարչապետը դիմաց։

Արման Եղոյանն ասաց, որ ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձ իրականացրած անձանց ազատ արձակելը հստակ մեսսիջ է մյուսներին, որ ցանկացած պարագայում խափանման միջոցը կալանավորում չի ընտրվի, կարող են անել ինչ ուզում են, մինչև քաղաքական նոր զարգացումներ լինեն։