Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք մեզ թողել եք անպաշտպան»․ Հայկ Կոնջորյանը դիմեց դատավորներին

ԱԺ այսօրավա նիստում Հայկ Կոնջորյանը իր ելույթի տեքստում նախ նշեց, որ համոզմունք ունի, որ Հայաստանում կան շատ պարկեշտ և անաչառ դատավորներ և ԱԺ-ում՝ դատավորների հասցեին հնչեցրած քննադատությունները ուղղված չեն եղել այդ դատավորներին և իրենք՝ որպես պատգամավորներ և որպես մեծամասնություն, շահագրգռված են անել ամեն ինչ, որպեսզի այդ դատավորների արրդար գործը լինի շարունակական։

Դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Արսեն Մկրտչյանին՝ Հայկ Կոնջորյանն ասաց, որ Մկրտչյանը նշել է, թե պատգամավորները դասակարգել են դատավորներին, սակայն իրականում դատավորներն են դասակարգել դատավորներին, և առաձջին հերթին՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն է դասակարգել դատավորներին, որովհետև ԲԴԽ նախագահը պետական անվտանգությանը վերաբերող օրհասական օրերին արել է քաղաքական հայտարարություն, և հենց այդ պահից դատավոր Վարդազարյանը դադարել է լինել դատավոր և միաժամանակ չի էլ դարձել քաղաքական գործիչ։

«Այդ մարդը, որ մնացել է երկու աշխարհների արանքում, էսօր հանդիսանում է ԲԴԽ-ի ղեկավարը։ Եվ հենց Ռուբեն Վարդազարյանն է, որ դասակարգել է դատավորներին։ Ռուբեն Վարդազարյանն է, որ այսօր հանդիսանում դատական համակարգի խարանը», - ասաց Կոնջորյանը։ Նա նշեց, որ եթե պարկեշտ դատավորները ուզում են ազատվել այդ խարանից, ապա դատական համակարգը ինքը պետք է ինքնամաքրվի։

Ըստ Կոնջորյանի, ցանկացած կարգավիճակը պաշտպանում է դա կրող անձը․ պատգամավորի կարգավիճակը, ըստ Կոնջորյանի, առաջին հերթին պաշտպանում է պատգամավորը, դատավսորի կարգավիճակը՝ դատավորը, բժշկինը՝ բշիշկը և այլն։

«2018 թվից հետո Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն, և մենք որոշել ենք պատռել այն սավանը, որով ծածկում էինք պրոբլեմները։ Որովհետև, երբ մենք որոշել ենք, որ դատավորների հետ ստվերային գործարքների մեջ չենք մտնելու, մենք որոշել ենք նաև, որ այս ամբիոնից պետք է բաց տեքստով խոսենք իրար հետ»,- Ասաց Հայկ Կոնջորյանը։

Դիմելով Արսեն Մկրտչյանին՝ Հայկ Կոնջորյանն ասաց․ «Դուք ասում եք, որ մենք ձեզ դասակարգեցինք, բայց ես Ձեզ ասում եմ, որ դուք մեզ թողել եք անպաշտպան։ Ոչ միայն մեզ, Դուք մեր ժողովրդին թողել եք անպաշտպան»։

Օրինակ բերելով ԱԺ-ն՝ Կոնջարյանն ասաց, որ այն, որ իրենք չունեն թիկնապահներ, ովքեր կջարդեին իրենց հայհոյողների, ծեծողների ոտքերը, դա նրանից է, որ իրենք որոշել են, որ այլ արժեքային տիրույթում են ապրում, որ իրենք ապավինել են դատարաններին։

«Այն դատավորները, որոնք ազատ են արձակել ԱԺ նախագահին մահափորձի ենթարկածներին, այն դատավորները, որոնք ազատ են արձակել պատգամավոր Հակոբ Ասլայնանի նկատմամբ բռնություն գործադրողներից, բռնի, զինված հեղաշրջումների կոչեր անոնղներին ազատ արձակող դատավորները մեզ թողել են անպաշտպան», - ասաց Հայկ Կոնջորյանը։ 

Հայկ Կոնջորյանը նշեց, որ համաձայն է, որ պետք է մեծարել դատավորներին և պատրաստ է ԱԺ ամբիոնից մեծարել այն դատավորներին, ովքեր իրենց աշխատանքով մեծարում են իրենց կարգավիճակը։ «Ես չեմ կարող մեծարել Ռուբեն Վարդազարյանին, ով երեք օր շարունակ վիրավորեց բոլորի բանականությունը այս ամբիոնից, ով երեք օր շարունակ տեռորի ենթարկեց դատական համակարգի հեղինակությունը»-, ասաց Հայկ Կոնջորյանը։