Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետին ուղղված՝ «Մոռթել հրապարակում, …հայի գյուլլից կգնաս» բռնության կոչ արած անձն ամբողջությամբ ընդունել է մեղադրանքն ու դատապարտվել

ՀՀ վարչապետին ուղղված՝ «Մոռթել հրապարակում, …հայի գյուլլից կգնաս» բռնության կոչ արած անձն ամբողջությամբ ընդունել է մեղադրանքն ու դատապարտվել
Իրավունք
17:58, 22 ноябрь 2021
Խորեն Հովհաննիսյանը 2020 թվականի դեկտեմբերի 20-ին Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը՝ «Մոռթել հրապարակում», «Թուրքի ծրագրով եկել ես, հայի գյուլլից կգնաս» բռնության կոչերով:

2021 թվականի հունիսին Խորեն Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով, որ նա, քաղաքական հայացքներով պայմանավորված, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: 

Ըստ մեղադրանքի՝ Խորեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հայտնաբերելով ՀՀ վարչապետի դիմանկարով «Մոռթել հրապարակում» գրառումով լուսանկարը, այն ներբեռնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսում, ինչից հետո այդ լուսանկարը բռնության կոչ պարունակող՝ «Թուրքի ծրագրով եկել ես, հայի գյուլլից կգնաս», գրառումով հրապարակել է Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում:

Սույն թվականի հունիսի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայր: Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Խորեն Հովհաննիսյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել էր, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Արագացված դատաքննությամբ՝ դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ Խորեն Հովհաննիսյանը կատարել է մեղսագրված հանցանքը:

Դատարանը Խորեն Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի՝ 70 000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամի չափով:

Դատարանը որոշել է նաև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կից պահվող Iphone մոդելի բջջային հեռախոսը պահել քրեական գործում։