Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչական դատարանը դեռևս չի ստացել Օնիկ Գասպարյանի հայցադիմումը․ արդյո՞ք վարչական մեխանիզմները կկիրառվեն այս գործի նկատմամբ

Վարչական դատարանը դեռևս չի ստացել Օնիկ Գասպարյանի հայցադիմումը․ արդյո՞ք վարչական մեխանիզմները կկիրառվեն այս գործի նկատմամբ
Իրավունք
17:13, 10 март 2021
ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իրեն պաշտոնից ազատումը որակել է որպես հակասահմանադրական և այսօր առավոտյան դիմել է Վարչական դատարան․

«Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան»,-գրել է նա իր ուղերձում։

Դատական դեպարտամենտից Civic.am-ին տեղեկացրեցին, որ Վարչական դատարանը դեռևս չի ստացել Օնիկ Գասպարյանի հայցադիմումը։ 

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր տեսանկյունից ԳՇ պետը վիճարկման հայցով է դիմել դատարան, իսկ եթե վարչական ակտը վիճարկվում է՝ ապա այդ ակտը կասեցվում է․«Վարչական դատավարությունն ունի 4 հայցատեսակ, ես ենթադրում եմ վիճարկման հայցով է դիմել դատարան, բայց թե ինչ պաշտպանության միջոցներից կօգտվի, նախքան հայցին ծանոթանալը, չեմ կարող ասել»։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ բացի վիճարկման հայցից կան նաև գործողության կատարման, պարտավորեցման և ճանաչման հայցեր, որոնցով դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման միջոցներ և անձը շարունակի պաշտոնավարել։ 

«Եթե վիճարկման հայցով չգնա և այլ հայցով գնա դատարան, և եթե դատարանն այդ հայցը ընդունի վարույթ՝ ապա հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում կարող է անել դատարանը և կարող է Օնիկ Գասպարյանը չազատվել պաշտոնից՝ դատարանի որոշման հիման վրա մինչև դատական վեճի ավարտը։ Սակայն սա նախնական վերլուծություն է, ես պարզապես նշեցի թե վարչական դատավարությունն ինչ հնարավորություններ ունի»,-ասաց Գևորգ Գյոզալյանն ու հավելեց, որ ԳՇ պետի ազատման դեպքը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ այստեղ Սահմանադրական նորմի հետ գործ ունենք․ «Թե վարչական մեխանիզմները որքանո՞վ կարող են կիրառվել այս գործի նկատմամբ՝ միայն գործին ծանոթանալուց հետո է հնարավոր ասել»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունը հայտարարություն տարածեց, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից, քանի որ ՀՀ նախագահը սահմանված ժամկետում չի դիմել Սահմանադրական դատարան․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»։

Նարա Մարտիրոսյան