Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Ռշտունու կողմից իր վարույթում եղած 10 գործերը վերամակագրման հանձնելը գնահատվել է որպես դիտավորություն. ԱՆ ներկայացուցիչ

Վազգեն Ռշտունու կողմից իր վարույթում եղած 10 գործերը վերամակագրման հանձնելը գնահատվել է որպես դիտավորություն. ԱՆ ներկայացուցիչ
Իրավունք
18:40, 14 февраль 2022
ԲԴԽ-ում այսօր քննվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։

Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է այն պատճառով, որ դատավորը արձակուրդ մեկնելու պատճառով իր վարույթում եղած տասից ավելի գործ հանձնել է վերամակագրման:

Միջնորդության ներկայացումից հետո Վազգեն Ռշտունին արդարադատության նախարարության ներկայացուցիչներին հարցրեց, թե երբ միջնորդության մեջ նշել են, որ դատավորները անհարկի ծանրաբեռնվել են, քանի որ Ռշտունու կողմից հանձնվել է 10 գործ, «կհիմնավորե՞ն այդ անհարկի ծանրաբեռնվածությունը»:

«Վերաքննիչ դատարանում այդ պահին գործել է 18 դատավոր, 10 գործ հանձնել եմ, ո՞վ է անհարկի ծանրաբեռնվել»,- հարցրեց Վազգեն Ռշտունին։ 

Ի պատասխան արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ դա ֆորմալ դատողություն է և տրամաբանական՝ կապված նրա հետ, որ դատավորներն իրենց վարույթում մինչև այդ քննվող գործերի քանակից ծանրաբեռնվել են քանակապես ավելի շատ քրեական գործերով, որը պայմանավորված է Ռշտունու կողմից արձակուրդ մեկնելիս գործերը վերաբաշխման հանձնելու փաստով։

Այնուհետև Վազգեն Ռշտունին հարցրեց. «Դուք նշել եք, որ խախտումը տեղի է ունեցել դիտավորությամբ, ու ասում եք, որ 10 գործ է հանձնվել, այդ դեպքում դա դիտավորություն է։ Ի՞նչ է  ստացվում՝ եթե ավտովթար է տեղի ունենում 10 անգամ, ուրեմն 10-րդը դառնում է դիտավորությո՞ւն։ Տրամաբանությունն եմ ուզում հասկանալ»։ 

Ի պատասխան արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ ավտովթարի օրինակը չգիտի՝ որքանով էր համեմատելի, բայց դա անզգույշ հանցագործություն է։

Այնուհետև արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը, պատասխանելով Վազգեն Ռշտունու՝ դիտավորության վերաբերյալ հարցին, ասաց, որ ոչ բոլոր դեպքերում է համարվում դիտավորություն, բայց սույն դեպքում դա վարույթն իրականացնող մարմնի կողմից գնահատվել է որպես դիտավորությունը հիմնավորող հանգամանք։  

Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին միջնորդության վերաբերյալ հարցեր ուներ նաև Վազգեն Ռշտունու պաշտպան Ռուբեն Մելիքյանը, սակայն աշխատանքային օրվա ավարտի հետ կապված նիստը հետաձգվեց, և նա հնարավորություն կունենա իր հարցերն ուղղել հաջորդ նիստին, որը նշանակվեց փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին։